Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիպչում, յա բկի տակովն ընկնում։ Բեղերն ապրշումի պես ոլորել, էնպես էր թշի վրով դուս տարել, որ ամեն մեկի մեկ ծերը անկաջներին էին դիպչում։ Մտիկ անողի խելքը[1] գնում էր։ Գեղըցիք հենց նրան տեսան թե չէ, ծափ տվին, պար էկան, ձեն ձենի տվին ու սկսեցին նրա խաղն ասիլ, նրա գովքն ածիլ։ «Աղասի ջան՝ գլխիդ ղուրբան՝ էս թասը խմենք քո արևսադաղին, արևիդ մեռնիմ, մեր գլխիցը ո՛չ պակսիս․ գնա՛, մենք էլ էս ա, կգանք»․ ամեն կողքից ձեն տվին, ու Աղասու թասը խմեցին։ Ազնիվ երիտասարդն էլ ով որ իրան էսպես պատիվ էր տալիս, գդակով էր անում, քաղցր երեսով գլուխ տալիս ու անց կենում։

Հեռըվանց երևում էր, թե ի՞նչ ղիամաթ էր անում իգիթը։ Ձիու անկաջը մտած՝ էնպես էր քշում, կրակին տալիս՝ որ հենց իմանաս՝ թևավոր ղուշ ըլի։ Շատ անգամ ջիրիդը հեռու տեղից շպրտում, ձին չափ էր քցում, ու գետնիցը ծուլ ըլելիս ձիու վրիցը բռնում էր, էլ եդ քցում։ Շատ անգամ հենց էնպես դուզ շպրտում էր, ու կրակի պես ետևիցը հասնում, կալնում, էլ եդ ծուլ անում։ Գետնին վեր ընկած տեղիցն էլ էնպես էր թամքի միջիցը կռանում, բարձրացնում, որ ջիրիդն առաջին դողում էր։ Ընկերտանց վրա էլ որ վախտ վախտ ջիրիդ չէ՛ր քցում, է՛նպես էր նշանում, որ գդակների ծերին էր դիպում, կամ գդակը հետը տանում, որ իմանան՝ թե նա նրանց ղիմիշ չի՛ անում։ Շատ անգամ թամքի միջին ջուխտ ոտի վրա կանգնում, էնպես էր ձին չափ քցում։ Աչք պետք է ըլեր, որ նրա ռաշդությունը, տղամարդությունը, հունարը տեսներ ու զարմանար։ «Ջանմ սան, ջանմ Աղասի՝ մերդ մեկ հատ ա քեզանից բերել, հազար տարի անց կենա, քեզ նման մեկն էլա չի՛ բհամ տալ»․ ասում էին թամաշավորին ու խնդում, ուրախանում, ծափ տալիս։

Հանկարծ էս քեֆի միջումը՝ հենց բռնես՝ մեկ ամպ տրաքեց, երկիրը շարժեց, յա թոփի, թոփխանի ձեն էկավ, յա երկինքը փուլ էկավ։ «Տարա՜ն․․․ տարա՜ն... աստվածասե՛րք՝ մոտ էկե՛ք․․․ քոմակ արե՛ք, գլուխս լացե՛ք․ տունս կոխեցի՛ն, օջաղս քանդեցի՜ն․․․ աչքիս լիսը հանում ե՜ն, սիրտս դուս են ճոթռում. տո մեկ հասե՜ք, ի՞նչ կըլի։ Ա՛ստված՝ երկի՛նք, ծո՛վ, ցամա՛ք․․․ էս ի՞նչ կրակ ա, էս ի՞նչ զուլում ա․․․ Վա՜յ օրս ու ումբրս խավարի․ էս ի՞նչ եմ տեսնում։ Ձեր թուրը կոտրվի, ձեր էկած ճամփեն փուշ ու տատասկ դառնա․․․ վա՜յ իմ ըմբրիս, արևիս․․․ ո՞ր ջուրն ընկնիմ, ո՞ր ջհանդամը գնամ․․․ գետինն էլա չի պատռվում, որ ինձ մեջը տանի, աչքս հան․ էլ ի՞նչ աչքով իմ սև օրս լաց ըլիմ․․․ Էրեխիս տարա՜ն․․․ քոմակ արե՛ք․․․ Ա՛ստված՝ յաթաղանդ քոռանա, էս ի՞նչ կրակ ա, որ մեր գլխին ես ածում, մեզ էրում, փոթոթում։ Ա՛ռ, ա՛ռ քո տված հոգին․ էլ չի հարկավոր․ հոգի չե՛ս տվել, կրակ ես տվել, որ էրվի, ինքը չիմանա, մեր ջա՛նը փոթոթի․․․ Ամա՜ն․․․ հաա՜յ․․․ դա՜թ․․․ մադա՜թ․․․ երկինք՝ մեկ փուլ արի՛, ինձ տակովդ արա՝․ ի՞նչ կըլի։ Ձեր փափախը ձեր գլխին խռով կենա, ի՞նչ տղամարդիք եք, տո մեկ ձեռն էլա հասցրե՛ք՝ է՛, ի՞նչ եք քարացել, փետացել։ Թա՛գուհի ջան, գլխիդ մատաղ գնամ․․․ Թա՛գուհի․․․ Անումիդ մեռնիմ․․․ երեսս ոտիդ տակը, Թա՛գուհի ջան․․․ էդ չախմուր աչքերիդ ղուրբան ըլիմ՝ ազիզ ջան։

  1. [գալիս էր]