Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծնվել, ուրախությունիցը ճխում, ճչում, ոտին, գլխին էր անում, ու ինչպես ութ տարեկան երեխա խնդում, ծիծաղում։ Նրա անունը որ տալիս էին, լերդի ծերը խաղում էր, սիրտն ուզում էր պատռի։ Ամեն մեկ նրա աչքերին պաչ անելիս, ամեն մեկ նրան խտիտն առնելիս, հենց գիտում էր, լիս ա վեր գալիս գլխին, պատերը վարդ են դառել, դաշտ ու սար՝ ծաղիկ։ Նրա ճակատին մտիկ տալիս՝ նրա բոյն ու սուրաթը աչքովն ընկնելիս՝ նրա համար նոր արեգակ էր բացվում, ուզում էր սիրտը ճղի ու նրան մեջը դնի։ Էն հասակը հասել էր, նա նրան մեկ չոռ չէր ասել, չէ՛ր էլ ասել՝ թե աչքիդ վերևն ունք կա, յա ծուխը դեպի քեզ։ Ջանն էլ որ ուզեր, չէ՛ր խնայիլ նրան. հոգին էլ որ հաներ, ձեն չէ՛ր տալ նրան, գլուխը պտի ծախեր ու նրա մուրազը կատարեր։ Խանի, բեգի մոտ գնալիս՝ նա իր որդուն էնպես էր զարդարած դուս բերում, որ ամենի աչքը մնում էր վրեն սառած։ Սարդարն էլ էր տեսել նրա տղի կտրչությունը, նրա քաջությունն ու ձեռի հունարը։ Շատ անգամ՝ ազիզ օր ըլելիս, ինչքան ջիրիդ խաղացողներ կային, պատածակն էր կոխում, հետ ածում։ Փահլևանները հո նրա անունը լսելիս, զրզնդում, դող էին ընկնում։ Նա մեյդան դուս գալիս՝ աշխարքի բերանը բաց էր մնում։ Մեկն էլա սիրտ չէր անում, որ նրան մոտանա։ Բերդումը շատ անգամ հանաքըվեր, ոչխարի տեղ, եզ, ուղտ էին բերում, որ բալքի կարենան նրան մեկ օր ամաչացնիլ, շատ անգամ թուրը փոխում էին, որ բալքի չի՛ կտրի ու մնա ամոթով, բայց քաջ երիտասարդը՝ մեկ խփելով եզան կամ ուղտի գլուխը էս կողմն էր թռչում, լաշն է՛ն։

«Հա՛յիֆ, հա՛յիֆ, որ Հայ ես»․ ասում էր սարդարը շատ անգամ, գլուխը պտտելով՝ «թե որ Թուրք էիր էլել, խանություն պետք էր քեզ տված»։ Կռվի միջումը՝ էն գյուլլի ու կրակի թեժ ժամանակին՝ նետի պես արձակվում, ընկնում էր ղոնշունի գյուռ տեղը, ասլանի պես որին էս կողմը, որին էն կողմը քցում, ջախըփուրթ, թիքա թիքա անում ու Օսմանցվի մազերիցը բռնած՝ քաշ քաշ անելով հետը սուրութմիշ բերում, սարդարի առաջին կանգնացնում։ «Ասլան Բալասի» (առյուծի ճուտ), սարդարը ձեն էր տալիս ու ճակաաին պաչ անում՝ «ի՞նչ կըլեր, որ քեզանից մեկ տասն էլ ունենայի, քո մոր մեջքը կոտրվի, ընչի՞ չէր քեզանից մեկ չորսն էլ բերում, ա՛ֆարիմ, բա՛րաքյալլա․ էրեսդ պարզ կենա․ քեզանից շատ ունենամ»։ Ֆորս գնալիս՝ առաջ նրա գյուլլեն պետք է վեր քցեր։ Խաներ, բեգեր մնացել էին նրա սուրաթի, նրա լեն թիկունքի վրա զարմացած, հիացած։ Շատ անգամ հանաքըվեր խոսք էին քցում, թե որ թուրքանա, բեգություն, խանություն կըտան նրան։ Մուլք էին խոստանում. ռըհաթ, մալ, դովլաթ, աղչիկ՝ էին ասում՝ կտանք. բայց նա էն կաթը չէ՛ր կերել՝ որ իր սուրբ հավատն ուրանա․ փուչ աշխարքիս մալին, դովլաթին թամահ անի։ «Իմ ցամաք հացը լավ աշեմ ինձ համար, քանց ձեր ղաբլու փլավը։ Իմ տերտերի մեկ մուռտառ մազը՝ հազար ձեր մոլլի ու ախունտի հետ չե՛մ փոխիլ։ Գութան վարեմ իմ հավատովը, ցանք անեմ, բահի տամ՝ լա՛վ ա, քանց խան, բեգ դառնամ, աշխարքի տեր ըլիմ ու իմ օրենքն ուրանամ»։ Թուրը սարդարն էր բաշխել, թվանքը Ջավաթ խանը, ձին Նաղի խանը։ Նոր էլ Հայոց սարվազի նայիբությունը նրան էին տվել։ Ա՜խ՝ ո՞րն ասեմ․ մեկ Աղասի էր, մեկ քյուլ Երևան, ո՛վ ասես՝ նրա անունովն էր օրթում