Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկ դարտակ շնորհակալություն էլա իմ բերնիցը չե՛ք կարող լսիլ։ Էլ ի՞նչ եմ անում դժոխքը։ Քանց էս էլ մեծ դժոխք ո՞րը կլինի, որ ձեզանից հեռանամ, ձեր խոսքը չիմանամ, ձեր էրեսը չտեսնիմ»։ Էս տեսակ մտածմունք էին մեր խեղճ հալևորի ուշ ու միտքը բռնել, գրավել։ Ուզում էր տերտերի փեշերն էլ համբուրի, էրեսին էր քսում, աչքերին էր քսում, նրա ձեռը իր ծոցն էր տանում, յա բերնին էր դնում ու հոտ քաշում։ Նաչար քահանեն մնացել էր մաթալ․ թե աչքին էր հուփ տալիս՝ բերնիցն ու քթիցն էր ծուխ դուս գալիս․ թե ձեռը բերնին էր դնում, աչքերն էին իրանց աղի ծովը բաց թողում։ Ասեր, ի՛նչ անց էր կացել՝ վախում էր՝ թե ողորմելի ծերը գնա, էլ եդ չի գա. թե չէ՛ր ասում, ինչպես կըմնար բանը թաքուն, աշխարքը դմբդմբում էր։ Բալքի թե որդին մեռներ ու հոր աչքը մնար կարոտ, որ մեկ էրեսն էլա տեսնի, ինչ աներ, աչքը մնացել էր դռանը. ինքը ղիմիշ չէ՛ր անում՝ որ ջրատար հալևորի էլած հոգին՝ իր ձեռին դուս գա. սիրտը քրքրվում էր, աղքները կտրատվում էին․ մնացել էր էրկու սրի արանքում. դվորը շարժում էր, իրան էր կտրում։ «Օհանես ջան, որդի՝ վե՛ր կաց․ մի քիչ գնանք դուս, մա՛ն գանք, էրեսներիս հով դիպչի․ ի՞նչ ենք տան պուճախը բռնել, նստել։ Օրը տաքացել ա, հավեն կոտրել. գնանք Աստծո էրեսն էլ մի տեսնինք»․ գեջդանգեջ բերանը բաց արեց էրվելով Աստվածահոգի քահանեն, ու տանուտերի գլխին, միրքին պաչ անելով՝ ուզում էր՝ մեկ մհանով վեր կացնի, որ բալքի թե դուս գնալիս՝ ձենն ասնկաջն ընկնի, չիմանա, թե ինչ խաբար ա, ուրըշների հետ խառնվի, գնա իրան աչքովը տեսնի, չունքի որ անկաջի լսածն ուրիշ ա, աչքի տեսածն ուրիշ. ու քանի ցավը հեռու ա՝ ավելի ավելի ա քյար անում, բայց երբ առանջներիս ա, մնում ննք թմբրած, մինչև յարեն իրան իրան սկսում ա կամաց կամաց սգլթալ, մըրմնջալ ու եդո սաղանալ։ «Էս մեկ թասն էլ խմե՛նք, տերտեր ջան՝ եդո ո՛ւր տանում ես, տա՛ր ինձ. այսուհետև քո եսիրն եմ, քո շունն եմ. որ գլուխս կոխես էլ, ձեն չե՛մ տալ։ Ախր Աղասուն էլ էս օր՝ սաղ օրը չե՛մ տեսել, առավոտը տանիցը դուս ա գնացել, չի՛ էկել՝ բաս նրա ջիրիդ խաղալը չի՞ պետք է տեսնիմ, բաս նրա աչքերին չի՞ պիտիի պաչ անեմ։ Առանց նրան՝ կես սհաթ չե՛մ կարալ ապրիլ։ Գնա՛նք աչքիս վրա․ կենդանություն. Աստված կարգիդ հաստատ պահի»։ Հենց ասեց՝ «Աղասի ջան, գյո՛զ բալասի (աչքի որդի)՝ էս խմում եմ քո արևսադաղին, արևիդ մեռնիմ․․․․»։ Հենց բռնես՝ մեկ թոփի գյուլլա տրաքեց, դուռն ու փանջարեն ջախըփուրթ արեց, դուզ ճակատի մեջտեղին դիպավ, ղուղն ու բեյինը տաղըթմիշ արավ, է՛նպես քամակի վրա գետնին դիպավ մաշված, չորացած հալևորը ու մնաց մորթած ոչխարի պես սուսը, սասը կտրած, ընկած՝ հենց էն սհաթին որ վեր էր կացել, գդակն ուզում էր գլխին դնի, փետը ձեռն առնի, որ դուս գնա։ «Աղասին ո՞ւր ա․․․ Աղա՛ ջան... Աղասուն տարան... գլխիս տեր... տներս քանդեցին... Աղա ջան... օջախդ խավարացրին... իմ սար ջան... դո՛ւռդ փակեցին, ի՛մ գլուխ... Աղա... ղա... ղա... սի... Ա՛ղասի... Ա՛ղասի... Աղասի... հրես էկա՜ն. հրես տանում ե՛ն... ձեռները կապեցին... ոտները բխով դրին... վա՜յ... վա՜յ... վա՜յ... աչքս փորեցին... ո՞ւմ էի մեկ չոռ ասել, որ առաջս էկավ... գնացե՛ք... հասե՛ք, էն սուրայի բոյին մտիկ արեք... Տեսեք ինչպես ա ջիրիդ խաղում... գալիս եմ, գալիս՝ Ա՛ղասի