Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջան... սաբր արա, որ մեկ չարսավս քցեմ... գլուխս կապեմ... տո տնաքանդի աղջիկ՝ մեկ ձեռներդ էլա բարձրացրու. ի՞նչ ես փետացել էդտեղ կաղնել... վա՜յ... վա՜յ... վա՜յ... ամա՜ն էրվեցի՛ խորովեցի՛... չորանաք դուք ա՛յ ձեռներ... խավարիք դուք ա՛յ աչքեր... Հարսի ջան, խաղա՛, է՛. տո մեկ կռներդ բարձրացրու է՞հ Վարդիթեր ջան. իմ մանիշակ, իմ սմբուլ, իմ ալվան լալազար, իմ խնկան ծաղիկ... աչքերիդ մեռնիմ... էրեսիդ մատաղ գնամ. ի՞նչ ես ձեռներդ խաչել... ի՞նչ ես քեզ ջարդում... սպանում... Զանգուն մոտիկ ա, մի քիչ կաց՝՝ Աղասուն ճամփու դնենք... դեռ նրա հոգին երկինքը չի հասած... մենք նրանից առաջ կերթանք էնտեղ, դարդ մի անիլ... Անկաջ արա՛, մի Աղասու խաղն ասեմ...

Աղասի ջան. գլ...խիդ... ղուր...բան...
Դու... ես... մեր... թագն... ու... պարծանքը...
Թագն է՛լ գնա՜ց... թվանքն է՜լ...
Տունս էլ քանդվեց... պուճախս է՜լ։
Աչքս է՛լ փորվե՜ց,, ումբըրս է՜լ։

Աղասի՛ ջան. Աղասի՛... Տո ջրատա՛ր... քանի՞ քնիս, լա՜վ ա. լա՜վ... գնա՛... որդուդ տարան... գնա՛, ջուրն ընկի... մենք էլ էս ա գալիս ենք»։

Էս սհաթին էր՝ որ ողորմելի հերը տասն անգամ գնաց է՛ն դինեն, էլի եդ էկավ... Քանի որ գլուխը վեր էր քաշում, հենց իմանաս՝ էլի թաքրար խփում, նրան անդունդն էին տանում, ջահիլ քսան տարեկան հարսը մեկ կողմն էր գլուխը ծեծում, ջարդում, մազերը քրքրում, իր խեղճ պառավ կնիկը մյուս. էլ հաքըներին շոր չէ՛ր մնացել, էլ էրեսներին սաղ տեղ չկար, բոլոր ճղել, քրքրել էին. արինը՝ լաչակ, օշմաղ, ճակատ, դոշ՝ շիլի պես ներկել էր. ինչ պստի հարսն էր անում, Աստված ո՛չ շհանց տա։ Բարձր ձենով լար՝ ամոթ էր... էս պատճառավ սիրտը դհա ավելի էր էրվում, խորովվում... ուզում էր դոշը պոկի, գնա բաշնըվեր ընկնի։ Առաջին խաբարն՝ որ իմացել էին, նրանք էլ հենց խելքը թռցրածի պես հացատանը՝ որը մեկ պուճախում էր անշունչ մնացել, որը մյուսումն, նրանց տեսած երազներն էլ պակաս սարսափելի չէին. մորը ջիրիդ խաղալիս էնպես էր երևում՝ թե Աղասու ձին բուդուրմիշ էլավ, վեր ընկավ, հենց էն ա վրա վազեց՝ որ որդուն խտտի, վեր թռավ։ Հարսի աչքին երևում էր՝ թե հարսանիք էր. հարամիք վրա տվին. Աղասին մեկ բոզ ձիու վրա նստած՝ նրանց առաջ արեց, թրով ծեծելով՝ թոզ ու դումանումը կորավ, իր թայդաշ հարսներն ուզում էին՝ որ իրան բռնեն, փեշը թափ տվեց, ուզում էր՝ որ նրա ետևիցը կորչի, երեսի վրա վեր ընկավ, աչքը բաց արեց, տեսավ որ տունը գլխին պտտում ա։ Անց կացած բաները որ միտքն չէկավ, էնպես մեկ ծվաց, ծղրտաց՝ որ ձենը երկինքը հասավ, պատերը զրզնդացին։ Էս ձենի վրա կեսուրն էլ՝ հենց բռնիր՝ հինգ գազ ծուլ էլավ, հենց գիտես մեկ թուր ջիգյարը խրեցին, հարայ տալով, մազերը պոկելով՝ հարսնի կռնիցը բռնեց, դուս թռավ ու իր կիսամեռ մարդի առաջին թավալ թավալ էր տալիս, գետինը պոկում, գլխին հող ածում, ու նոր մորթած հավի պես՝ որ դեռ քանի արինը տաք ա, ոտն ու երեսը քարերին է ծեծում,