Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըլին իրանց դիվական խաղը խաղում, իրանց դժոխային քեֆն անում ու բրջերի գլխին՝ մեկ կտրած գլուխ էս տեղ էին ոտի տակ տալիս, մեկ անգլուխ լաշ էնտեղ էին կտոր կտոր անում, վրեն թքում, ծափ տալիս, ծիծաղում, հրհռում, քրքռում ու թրով, մզրախով, յա փետով մեկ մեռած մարմին էս կողմն, էն կողմն գլորում, քացի տալիս ու ներքև քցում։ Ճաշվա ժամանակին՝ հենց իմանաս՝ մեկ կրակի սար ըլեր էնտեղ կանգնած, փոր, ծոց տաք քուքուրթով, բոցով լիքը ծխում, բորբոքում էր, որ բիրդանբիր ճռնչա, բացվի, տրաքի ու ինչ կա չի՛ կա տակովն անի, լափի։ Ամեն մեկ բուրջը, ամեն մեկ բադանը՝ ոսկոռով, ջամդաքով, յա անմեղ դութսաղներով լիքը, քած խոզի պես՝ հենց իմանաս՝ ծանրացել՝ փորըներն՝ էլ չէին կարում քաշել, էնպես ուռել էին, որ բիրադի ճաքին, պատռին, կտոր կտոր ըլին։ Մեչդների ոսկեվարաղ գլխըներին արեգակի շոխքը դիպչելիս, պլպլալիս, հենց իմանաս՝ էն իրանց միջի անսիրտ նամազ անողների անխղճմտանք հոգու շնչովը փքված, ուզում ըլեին՝ Աստծուն փառաբանություն, աղոթք անելու տեղը՝ որ երկրին խաղաղություն, դինջություն տա, սոդոմական կրակն ըլեին ուզում երկնքիցը վեր ածիլ տան, որ սար, ձոր էրեն, խորովեն, տակով անեն։ Հայի թշնամի մոլլեն՝ որ գիշեր ցերեկ ուզում էր, որ յա քրիստոնեության անունը վերանա, յա Հայ ազգի, մինարեն որ չէ՛ր նի ըլում՝ որ ազան տա[1] ու իրան հավատացյալ ժողովուրդքը գան՝ իրանց իմամներին, իրանց Ալուն, Մուրթուզալուն աղոթք անեն, որ էն դինումը դժոխքի փայ չըլին[2], ձեռն անկաջին որ չէր դնում ու ծվում, հենց իմանաս՝ Հայի համար սադայելյան փողն ըլի փչում, որ իրանց գլուխը լան, չունքի շատ անգամ էր պատահում, որ մեկ խեղճ, անճար գեղըցի Հայ, որ բազարն էր գալիս էս հադաղին, որ իր առըտուրն անի, մեկ քանի շահի ձեռք քցի՝ որ տանի իր քյուլֆաթներին պահի, է՛ն տեղն էին քցում, է՛նքան էին ոտին, գլխին վեր հատում, որ հացն էլ էր մոռանում, էկած ճամփեն էլ, իր օղլուշաղն էլ, չունքի բեղաֆիլ մեկ թուրքի ջորի դիպած, մուռտառած էր ըլում։ Աշխարքի գլխին հենց գիտեմ կրակ պետք էր վեր գար, էնպես էր ամեն մարդ սասանահարվում, սարսափում, որ իր գլուխը պահի, բալի տակ չընկնի։ Ի՞նչ ասեմ, ի՞նչ պատմեմ՝ կըլի որ իսկ սադայելյան փողն ու դատաստանի օրը էնքան սարսափելի չըլին, չունքի Աստուծո ողորմության հույսը էլի կա, ինչքան էս օրերը, որ րիգունը գալիս՝ մարդ չէր իմանում, թե երաբ առավոտը կըհասնի, լիսը բացվելիս՝ ումուդ չուներ՝ թե սաղ սալամաթ՝ մթանն աչքը խփի, էնպես ահում, դողում էին երկրի խալխը։

Երևանո՛ւ բերդը՝ Երևանո՛ւ բերդը, ա՜խ՝ աչքս դուս գա, քանի՜ քանի ողորմելի Հայի միս ա կերել, քանի՜ քանի անմեղ հոգի՝ տարիքներով չարչարվելուց, տանջվելուց, կենդանի նահատակ ըլելուց, կրակի, բոցի, երկաթե շամփրի, թոխմախի, կրակած[3] քարփջի տանելուց, համբերելուց եդը, կամ թոփի գլուլլի հետ ա թռել, հազար կտոր է լել, կամ տարաղաջի (կախաղանի) վրա յա՝ գոռալով, երկինք, երկիր աղաչելով, իր միսն իր ատամներովը կռծելով, աչքերը դուս տրաքելով, զովում, ղաբդաշ, իրավորի, ազգականի,

  1. [որ]
  2. [ու]
  3. [շամփրի]