Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր որդոց, զավակաց ձենը լսելով, տրորվելով, փոթոթվելով, հոգին ավանդել, երկինքը գնացել, որ պրծնի էս դառն աշխարքիցը, էն կատաղի գազանների ձեռիցը։ Քանի՞ քանի ջահել երիտասարդ՝ մեկ սաղ օջաղի մեն մենակ որդի, մեկ աղքատ, չքավոր տան սին, մխիթարություն, մեկ տասը գլուխ քյուլֆաթի տեր ու ապավեն, իր ծաղկած, դալար հասակին, իր ըմբրի ու արևի նոր բաց էլած ժամանակին՝ կամ սաղ սաղ քերթվել ա, կամ իր պատվական գլուխը գառան պես թրին դեմ արել, որ երկնքումը իր ջահելության մուրազն առնի, վայելի, չունքի երկիրը նրա անարատ արնին էր ծարավ՝ որ շուտով խմի ու բալքի կշտանա։

2

Սիրելի կարդացող՝ իմ ա՛չքի լույս Հայ՝ էս քո հավատակիցքն ու հայրենակիցքն են, որ ես ասում եմ ու էրվում․ քեզ հետ մեկ ավազանից ծնվել, քեզ հետ մեկ մեռոնով օծվել, մեկ խաչով կնքվել, երաբ որ լսում ես, սիրտդ ի՞նչ ա ասում, ջիգյարդ ի՞նչ։ Գիտեմ՝ որ ասում կըլիս մտքումդ՝ էսպես օրը գնա, ո՛չ եդ գա, քո թշնամին էս կրակի մեջը չընկնի։ Գիտեմ՝ որ սիրտդ էրվում, խորովվում կըլի, ու ուզում ես՝ որ էս անիրավ ազգի երեսին էլ մտիկ չանես, նրան տեսնելիս՝ գլուխդ առնիս, կորչիս, բայց հավատացի՛ր ինձ՝ մեղավորը նրանք չե՛ն, մենք ենք։ Մենք որ իրար թասիբ քաշենք, իրար քոմակ անենք, իրար պայծառացնենք, շենացնենք, ծովն էլ տեղիցը վեր կենա, մեզ տակով չի՛ կարալ անիլ, ի՛նչ թե Օսմանցին, յա Պարսիկը։ Մեզ ամենաբարի Արարիչ էն հոգին, էն խելքը, էն շնորքը չի՛ տվել, որ նամարդի մուհտաճ մնանք։ Աս տված հիմիկ մեզ լիս ա բաց արել, Ռուսաց թրին սարերը չեն դիմանալ, որ ջանք անենք, մեկզմեկու սիրենք, մեր լեզուն, մեր եկեղեցին էնպես ղայիմ բռնենք, ինչպես մեր երջանիկ նախնիքը, հավատացիր ինձ, Աստված էլ կսիրի մեզ, մարդ էլ։ Լավ չի սկսած բանը թողալ ու էսպես քարոզ ասիլ, ես էլ գիտեմ, ամա սիրտս չի դիմանում, ի՞նչ անեմ։ Էլի մեր գեղըցոնց ասածն ա միտքս գալիս։ Խալխի մեղքը չի, որ ճամփից դուս են էկել, իրար մոռացել, մեզ նման կարդացողի ոտները պետք է ծառիցը կապած, ամսով սոված պահած։ Ախր թե շատ առնողիցը շատ կպահանջեն, բաս դատաստանի օրը ի՞նչ ջուղաբ կտան ինձ նման գրի սևն ու սիպտակն իմացողները, որ էլ ուրիշ բան չենք ֆիքր անում, հենց ուզում ենք՝ լավ ուտենք, լավ խմենք, քյահլան ձիու վրա նստինք չալ չալ մանեթները ջեբըներումս չխկչխկացնելով, ձեռըներիս դողդողալով, խաղացնելով ման գանք, քեֆ ու մարաքյա անենք։ Շինած արաղ կոնձիլը, Կախեթու գինին անոշ անոշ խմելը, կառեթով, դրոշկով՝ փառավոր, ուռած ուռած ման գալը, զառ, ղումաշ հաքնիլ, մաշիլը, նոքար բեքարի՝ ձեռին ջուր ածիլը, երեսի հով տալը, տաք յորղանի տակին, փափուկ դոշակի միջում շնթռիլն ու թավալ տալը, ոտ ու գլուխ զարդարիլը՝ մեզ թե դժոխքը չտանին, դրախտը ըսկի չեն տանիլ՝ հարկիզ։ Էդ երեխեքն էլ գիտեն, կասես ինձ, բայց ի՞նչ անես, բանը գիտենալը չի, բանն անիլն ա։ Ես ինձ վրա եմ ասում, թո՛ղ ուրըշի սիրտը չնեղանա։ Ընչանք փողը չեմ առնում, ո՛չ գիրք եմ տալիս, ո՛չ աշակերտ կարդացնում։ Լազգին ու Թուրքի մոլլեքը էնպես չեն անում, անփող են իրանց ազգի երեխեքը կարդացնում, էլի Աստված նրանց ռզղը հասցնում ա։ Հենց մե՞զ պտի սոված