Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեզ սուր քաշեին, մեզ կրակ քցեին,
Ախր ի՞նչ կըլեր, դու էն չար մարդին
Մեզ տայիր, որ ա՜խ՝ տարավ մեր աղին,
Բաս նա էլ չի՞ գալ, մեզ աչքից քցի՞լ․
Բաս նա մեր դարդը իմանալ չուզի՞լ.
Բաս որ լաց ըլինք, սիրտը չի՞ ցավիլ․
Մեռած վեր ընկնինք, չի՞ գալ, մեզ օգնիլ․
Մեզ եսիր տանին, չի՞ պրծացնիլ։

Որդիքը, աղչկերքը ի միասին
Ախր ի՞նչ արինք նրան, որ էսպես խռովեց,
Ընչո՞վ կոտրեցինք սիրտն՝ որ մեզ թողեց․
Էլի որ վազինք, եդևիցը հասնինք,
Ոտի տակն ընկնինք, սուրութմիշ ըլինք,
Փեշը համբուրենք, ոտները լիզենք,
Ծնկներն խտտենք, լանք ու վեր ընկնինք,
Ասենք՝ կմեռնինք, թե տուն չգաս, մեր շլինքն
Կտրի՛, դուս ճոթռի, էլ տուն մի ղրկի,
Էստեղ սպանի՛, մեր հոգին հանի՛,
Քեզ մատաղ կըլինք, ոտիդ հող կդառնանք,
Մեզ մի՛ կորցնի, գլխովդ ման տանք.
Բաս նրա սիրտը ա՜խ՝ գութ չի՛ ընկնիլ․
Բաս մեր սուքն ու լացն նրան քյա՞ր չանիլ․
Կասենք՝ հետդ տա՛ր, ուր որ գնում ես.
Մերներս մեռավ, բաս դու ցավում չե՞ս.
Բաս եդ չի՞ դառնալ, սիրտը չի՛ ցավիլ․
Բաս մեզ չի՞ խտտիլ, հողից վեր քաշիլ,
Երեսներս սրբի՞լ, աչքներս պաչի՞լ,
Գոգին նստացնիլ, դոշին կպցնի՞լ,
Ղանդ ու շաքար տալ, գուրգուրիլ, ասի՞լ․
«Գլխովդ ման տամ, երեսիդ մեռնիմ,
Էլ մի՛ լաց ըլիլ՝ քո չարը տանիմ,
Աղեն նոքարդ ա, քեզ դուրբան ըլիմ։
Սիրտը քեզ կուտա, անումիդ ղուրբան,
Դուք որ լաց եք ըլում, ձեզ մատաղ գնամ,
Աչքս փուշ ա ցցվում, ձեր փուշն աչքս ըլի»։
Բաս մեզ աղեն, էլ չի՞ գալ... վա՜յ...
Բաս մեզ բարով էլ չի՞ տալ... վա՜յ...
Բաս ձեն տալիս, ջա՞ն չասիլ... վա՜յ...
Մեռնում ըլինք, լաց չի՛ ըլիլ... վա՜յ...
Սոված ըլինք, դարդ չանիլ... վա՜յ...
Անումը տանք, տուն չի՛ գալ... վա՜յ...
Հետը վազինք, եդ չի՛ գալ... ա՜խ...
Բաս մեր աղեն ո՞վ կըլի... ա՜խ...