Էջ:Խելոք աքաղաղներ 3.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճչում, աղաղակում, իսկ մինչև մորթվելը՝ ոչ ոքի մտքով չի անցնում ազատվել, մի ճար մտածել։

Եվ ի՞նչպես անել, երբ վաղուց կորցրել են բարձր թռնելու ընդունակությունը, երբ նրանց տերն ունի միջոց ճնշելու, հուպ տալու, բանտարկել պահելու, իսկ իրենք, վաղուց ― չգիտեմ ե՛րբ, որ ժամանակվանից — պաշտպանվելու ամեն ընդունակությունից զրկվել՝ դառել են ստրուկներ խղճալի մտքով, գծուծ զգացմունքով, վախկոտ սրտերով և ազատության ցանկությունը ընդմիշտ կորցնելով։


Բ

Բայց ահա մի օր հեռավոր երկրներից մի տարօրինակ աքաղաղ հայտնվեց աղայի հավային մեծ գաղութում։

Այդ այսպես եղավ։

Մի առավոտ, երբ բոլոր հավերն ու աքաղաղներն ագահաբար կտցահարում էին բակի մեջ սփռված հատիկները, հանկարծ լսվեց թևերի ուժգին թափահարություն և ցանկորմից ներս ընկավ մի երկարահասակ թռչուն։ Հավերը ճչալով ետ փախան ու շրջան կազմելով, հեռվից սկսեցին դիտել նորեկին, որ մեջտեղ կանգնած, ուշադրությամբ զննում էր բոլորին։

Կարմիր, փայլուն փետուրներով, երկար վզով և երկար ոտներով երիտասարդ աքաղաղ էր։ Այնպիսի խոշոր ճանկեր ուներ, որ աքաղաղները դողալով էին դիտում։ Սոսկալի էր մանավանդ բութ մատի ժանիքը։

Հավերն այլևս չէին համարձակվում մոտ գնալ հատիկներին, իսկ աքաղաղները մի վայրկյան շփոթությունից հետո սկսեցին կամաց-կամաց առաջ քայլել։

Նորեկը զննում էր նրանց և նրա դեմքի վրա գծվում էր խղճացող արտահայտություն։ Բայց այդ երկար չտևեց, հանկարծ լարվեց նա ոտների վրա, մի զորեղ կուկուրիկու արձակեց և այսպես խոսեց.

— Բարև, բարեկամներ, չեմ եկել ես ձեր կուտը կամ կանայքը խլելու, մտադիր էլ չեմ ձեզ հետ կռվելու։ Ինձ այստեղ բերողն այն միտքն է, որ ձեզ հետ բարեկամանամ։ Վաղուց է, որ իմ հայրենիքում, մեր մեջ, լսում ենք ձեր տառապանքի,