Էջ:Խելոք աքաղաղներ 4.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեր գերության և թշվառության մասին։ Մենք եղբայրներ ենք և ինձ դժվար է տեսնել, որ դուք այդ աստիճան ստրկացած, անմռունչ զոհ եք գնում անկուշտ աղային․․․ Ես եկել եմ ձեր մեջ՝ ձեզ հետ խոսելու․ և պիտի տեսնեք, որ ինձնից ոչ մի վնաս չեք ստանալ. եթե լսեք ինձ, ձեզ կպատմեմ շատ հետաքրքիր բաներ մեր այն հայրենիքի մասին, ուր ո՛չ շրջափակ կա, ո՛չ աղա և ո՛չ էլ մորթող…

Այդ խոսքերը մի տեսակ ապշության մեջ ձգեցին բոլորին։ Աքաղաղները թշնամաբար էին նայում նրա վրա, բայց նորեկը ո՛չ նրանց կուտին ձեռք տվավ և ո՛չ էլ՝ կանանց։ Սկզբում ոչ ոք չէր մոտենում նրան․ դա մի քանի օր տևեց. բայց չորս օրից հետո նա բարեկամացավ բոլորի հետ։ Այնքան բարի էր, որքան որ զորեղ էր։ Հավերը բոլորն սկսեցին սիրահարվել նրա վրա․ իսկ աքաղաղները քծնախառն վախով էին մոտ գալիս նրան։ Այդպես է․ ստրուկ մեծացածը՝ առանց վախի, հարգանք չգիտե․ եթե մեկին հարգանք է ցույց տալիս — դա վախենալուցն է։ Չէ՞ որ կան մարդիկ, որոնք պաշտում են ժայռեր, որովհետև վախենում են նրանցից․ կենդանիների, որովհետև սոսկում են նրանց հարձակումներից։

Սակայն հավերը քիչ-քիչ սկսեցին զգացած վախն էլ փարատել և այժմ պտտվում էին նորեկի շուրջը։ Նորեկը նրանցից ոչ ոքի չդիպավ և դա զարմացրեց աքաղաղներին։

Բանն այն է, որ նորեկը ոչ միայն ձեռք չէր տալիս կանանց, թողնում էր կուտն ուտելու, այլ մինչև իսկ ինքն էր հրավիրում նրանց՝ մասնակցելու իր գտած որսին, մեծ բաժինն էլ նրանց էր թողնում։

— Այդքա՜ն բարություն։

Ամբողջ գաղութն ապշության մեջ էր։ Ո՞վ էր ուրեմն այդ վեհանձն ու զորեղ նորեկը, որ ո՛չ բռնանում էր, ո՛չ օգտվում իր ուժից, այլ մինչև իսկ որսում էր նրանց համար, պաշտպանում նրանց, խորհուրդներ տալիս։ Մի քանի անգամ նույնիսկ միայնակ կռիվ տվավ ուրուրի դեմ և արյունաթաթախ անելով՝ քշեց նրան։

Աղան իհարկե տեսավ նորեկին, զարմացավ, թե որտեղից էր ընկել նա իր գաղութի մեջ, բայց չհալածեց, այլ թողեց,