Էջ:Խենթը.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար։ Լուսավորված էին և քաղաքի շրջակա բարձրությունները։ Կատարվում էր մարդկային անգթության եղեռնական տոնը։ Դա գազանների մի տոն էր, որ հանդիսացնում էին մուսուլմանները։ Տարտարո՛սը, միայն տարտարոսը, իր կրակի բոցերով, իր չար ոգիներով և իր բոլոր զարհուրանքով կարող էր պարծենալ մի այսպիսի անգթության առջև։ Այրվում էին հայերի տները։ Յուրաքանչյուր տան լուսամուտներից և դռներից հոսում էին, կարծես, հրեղեն գետեր, և խառն ծխային թանձրության հետ, բարձրանում էին օդի մեջ, սփռելով դեպի ամեն կողմ կայծերի հորդ և առատ հեղեղ։ Հրդեհը հետզհետե սաստկանում էր, ճարակելով հայերի ամբողջ թաղը։ Այժմ տների կտուրներից դուրս էին ցայտում հրեղեն լեզուներ։ Վառված գերանները խորտակվում էին, և ամբողջ կտուրը դղրդալով, գոռգոռալով փուլ էր գալիս, և հրակեզ վերմակով ծածկում էր բնակիչներին, որոնք ամեն կողմից կրակով փակված լինելով, դուրս գալու հնար չունեին։ Թշվառ զոհերի աղաղակների և հառաչանքների ձայները խառնվում էին բոցերի որոտմունքի հետ, որոնք վիթխարի վիշապների նման գալարվում էին և պտտվում էին օդի մեջ, տարածելով դեպի ամեն կողմ մի սարսափելի լուսավորություն։ Այդ լուսավորության մեջ, որպես մի հսկա պանորամայի մեջ, մինը մյուսի ետևից հանդիսանում էին ավելի և ավելի զարհուրելի պատկերներ։ Մուսուլմանները կոտորում էին հայերին․․․ կոտորում էին կրակից դուրս փախչողներին, չխնայելով ոչ սեռի և ոչ հասակի․․․ Մանկահասակ աղջիկներին, ծամերից բռնած քարշ էին տալիս տներից․․․ Ամեն կողմից լսելի էին լինում ցավալի աղաղակներ․․․ Բայց թշվառների լացը և արտասուքը չէր կարողանում ամոքել գազանների սիրտը․․․
Այս բարբարոսությունների մեջ մասնակցում էին ոչ միայն քրդերը, այլև տաճկաց կանոնավոր զորքը, և որ ավելի սարսափելին է՝ քրդերի կանայքը․․․ Այդ վերջինները, կատաղի ֆուրիաների նման, մոռացած կնոջ գութը և սերը, խլում էին երեխաներին մոր գրկից և ձգում էին կրակի մեջ․․․ մի փոքրիկ ընդդիմադրությունն անգամ պատժվում էր սրով․․․
Մի քանի հայ կամավոր զինվորներ, բերդից նայելով այդ դժոխային տեսարանին, լաց էին լինում․․․ Կոտորածը շարունակվում էր ամբողջ երեք օր և երեք գիշեր։
— Ա՜խ, ինչպես մորթում ե՜ն․․․— ասում էին նրանք հառաչելով:

74