Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ, յուրաքանչյուր ոք, ոչ ոք, ոչինչ: Սրանք տարբեր տեսակի դերանուններ լինելով՝ ցույց են տալիս չտարբերակված զանազան առարկաներ: Հիշենք նաև խնդիրների սահմանումները: Խնդիրները ցույց են տալիս գործողություն-եղելության հետ ուղղակի կամ անուղղակի կապված առարկաներ: Այստեղից էլ պարզ է, որ նշված բառերը կարող են կատարել նաև խնդիրների պաշտոններ, ընդ որում. ներգործական սեռի բայերի հետ կապվող բառերը դառնում են ուղիղ խնդիր, իսկ կրավորական ու չեզոք սեռի հետ կապվողները` անուղղակի խնդիրներ: Նշենք և այն, որ ներգործական սեռի բայերն էլ կարող են ունենալ անուղղակի խնդիրներ, եթե, իհարկե, առնչվեն ոչ թե բայի սեռին, այլ` իմաստին: Ի՞նչ է նշանակում դա. ներգործական սեռի բայերը, որպես կանոն, ունեն իրենց ներզոր (պոտենցիալ) լրացումը՝ ուղիղ խնդիրը՝ անկախ նրանից, թե դրանք նախադասության մեջ կգործածվե՞ն, թե՞ ոչ: Օրինակ՝ երբ նշում ենք գրել, պատռել, քաղել, վերցնել, ուտել, խմել, կրել, գտնել, մոռանալ, մեծացնել և հարյուրավոր այլ բայեր, ապա մեր մտքում անմիջականորեն ասես երևան են գալիս դրանց հետ պարտադիր կապվող առարկաները (գրել գիրք, նամակ, շարադրություն... Պատռել թերթ, շոր... Բերել քար, գիրք, ավազ): Հենց այդ բառերը, որոնք կամա թե ակամա դեռնում են հիշյալ բառերի ցույց տված գործողության կրող առարկան՝ օբյեկտը, ուղիղ խնդիր են կոչվում: Սակայն նույն բայերի իմաստի պահանջով նախադասության մեջ կարող են լինել նաև այնպիսի բառեր (նախադասության անդամներ), որոնք ցույց տան գործողության-եղելության կատարման ժամանակը, ձևը, չափը, տեղը, ինչպես նաև երկրորդաբար լրացնեն նրանց իմաստը՝ ցույց տալով միջոցը, հանգումը, անջատումը և այլն: Վերջիններս ներգործական սեռի բայերի պահանջած՝ երկրորդական, բայիմաստով պայմանավորված պաշտոններից են: Օրինակ՝ Արամը այսօր գրատախտակին կավիճով նկարեց մի գեղեցիկ ծառ:

Այս նախադասության բայ-ստորոգյալը ներգործական սեռի է, որովհետև պահանջում է կրող առարկա, գործողության օբյեկտ (ծառ), որի վրա է անցնում համապատասխան գործողությունը (նկարելու գործողությունը): Սա պարտադիր պաշտոն է ներգործական բայերի համար: Սակայն այդ բայի իմաստով պայմանավորված՝ նախադասության մեջ գործածվել են նաև այսօր (ժամ.