Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որքան էլ որ հարաբերական դերանունները կատարեն շաղկապական գործառույթ, այնուամենայնիվ նրանք, անշուշտ, չեն զրկվում իրենց խոսքամասային պատկանելիությունից, այսինքն՝ մնում են դերանուն, կատարում համապատասխան շարահյուսական պաշտոններ՝ զուգահեռաբար կատարելով նաև ստորադասական շաղկապների գործառույթ:

Այդ դերանունների և շաղկապների հարաբերությունները պետք է հստակորեն մեկնաբանվեն՝ նշելով, որ՝

ա) Եթե հարաբերական դերանունները կատարում են նախադասության անդամների գործառույթ, ապա ստորադասական շաղկապները՝ ոչ երբեք:

բ) Եթե հարաբերական դերանունները ունեն փոխարինման հատկություն, ապա ստորադասական շաղկապները՝ ոչ երբեք:

գ) Եթե հարաբերական դերանունները (առարկայացույց) կարող են հոդ ստանալ, հոլովվել, ապա ստորադասական շաղկապները՝ ոչ եերբեք:

դ) Եթե հարաբերական դերանունները (առարկայացույց) կարող են հոգնակի թվով գործածվել, ապա ստորադասական շաղկապները՝ ոչ երբեք:

Ընդսմին, դերանունները առնչակից են գոյականներին, ածականներին, թվականներին, մակբայներին, ինչպես նաև որոշ դերբայների (անորոշ, համակատար, հարակատար, ենթակայական), հետևաբար, առնչվելով այդ խոսքի մասերի հետ, դերանունները ցուցաբերում են ընդգծված տարբերություններ: Ուսուցիչը պետք է տարբեր բնույթի վարժությունների միջոցով բացատրի այդ ընդհանրություններն ու տարբերությունները: Այդ ներառարկայական կապերը պետք է ներկայացվեն համապատասխան խոսքի մասն ուսումնասիրելիս:

Դիցուք` շաղկապների ու համապատասխան դերանունների առնչակցությունը նպատակահարմար է բացատրել հակադրության հնարանքով` բերելով այսպիսի օրինակներ:

Վերցրու այ գիրքը, որը դրված է սեղանին:

Նա գնաց տուն, որ գիրքը բերի