Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ մանկավարժական-ուսուցողական առումով՝ նյութի դյուրընկալումն ու նպատակայնությունը։ Այս են վկայում մեր պրպտումներն ու բազմաթիվ դասալսումները, առհասարակ՝ ուսուցման պրակտիկան։ Այն հարցը, թե ինչու՞ են առանձնացված քերականության բաժինները, ինչու՞ են դրանք տարանջատ ուսումնասիրվում և նույնիսկ ուսուցվում առանձին-առանձին, ունի իր միակ պատասխանը՝ այդ բաժինների առարկան (օբյեկտը), սահմանն ու սահմանումները, խնդիրներն ու նպատակները ընդդծելու համար։ Ավելին, առանձին ուսումնասիրություններ են կատարվում նաև այս կամ այն բաժնի ենթաբաժինների հետազոտման ուղղությամբ։ Որքան ուսումնասիրություններ կան, ասենք, բառագիտության ենթաբաժինների (իմաստաբանության, ստուգաբանության), ձևաբանության մեջ մտնող զանազան խոսքի մասերի ու այլևայլ հարցերի հետազոտման ուղղությամբ։ Ինչ խոսք, սրանք այլ նպատակներ են հետապնդում։ Բայց երբ խոսքը գնում է ձևաբանության և շարահյուսության (պատահական չէ, որ դրանք ներկայացվում են մի հասկացությամբ՝ քերականություն) միասնական ուսուցման վերաբերյալ, նկատի ունենք ամենից առաջ դպրոցական համակարգված քերականությունը։ Այն էլ նշենք, որ դրանով ոչ թե «վերացնում ենք» այդ բաժինների սահմանները, ոչ թե ձուլում ենք դրանք, ոչ թե դեմ ենք տարբեր դասարաններում համապատասխան դասագրքերով դրանց անջատ դասավանդմանը, այլ հատկապես ուզում ենք նշել՝ ձևաբանությունը ուսուցելիս շեշտը պիտի դնել թե՛ բառաձևերի, թե՛ նրանց որոշակի նշանակությունների միասնական ուսուցման վրա։ Այստեղից էլ մի այլ կարևորագույն հարց. երևույթը հետազոտելիս, արժեքավորելիս ձևի՞ց պիտի գնալ դեպի բովանդակությունը, թե՞ հակառակը։ Ուսուցման պրակտիկան ցույց է տալիս, որ, այո՛, քերականական իրողությունն ըստ ամենայնի բացահայտելու համար անհրաժեշտ է ձևից գնալ դեպի բովանդակությունը, պա՞րզ չէ, արդյոք, որ մանավանդ դպրոցականի համար (և ոչ միայն նրա) ձևը ճանաչելն ավելի հեշտ է ու ակնբախորեն նկատելի։ Այնուհետև պարզաբանվում է այդ ձևի «միջուկը»՝ բովանդակությունը, այն նշանակությունը, որ դրսևորվում է այդ որոշակի ձևում։ Միամտություն կլինի կարծել, թե դա տուրք է, այսպես կոչված, «ֆորմալիզմին»։ Եթե, իրոք, ամեն մի իրողություն գնահատելիս առաջնորդվենք