Էջ:Ծիրանի տափ 5.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գունավոր թելերից մի նոր կարպետ գործեն և պատմեն հնօրյա չարքերից։

Եթե պատահեր, որ քաղաքից եկողը մյուս օրը համաձայնվեր անձամբ տեսնելու Ծիրանի տափը, համարյա ամբողջ Միրն էր գյուղից դուրս գալիս՝ որը ոտով, որը ձիով։ Գյուղի աչքաբաց ազդեցիկ մարդիկ «մեծավորի» ձիու սանձը բռնած դարձյալ Ծիրանի տափի մասին էին պատմում և նույն հոգով այդ պատմությունն անում․ ազդեցիկ մարդիկ՝ չինովնիկին, գյուղի գզիրը՝ նրա պահակին։

Անհնար էր, որ մեկը կոտրատած ռուսերենով Ծիրանի տափին հասնելիս «մեծավորին» չպատմեր մի հին խոսք, թե ինչպես մի հարուստ մի տգեղ կին է ունենում և մի սիրուն աղախին, ինչպես մի օր երկուսն էլ գնում են սարը՝ ոչխարը կթելու, խանի չոբանը կարծում է, թե սիրունն է խանի կինը և երբ խանը գալիս է, չոբանը ցույց է տալիս տգեղ կնոջը և խանին զարմանքով հարց տալիս՝ խանն ապրած կենա, սրան էլ են զուռնով բերե՞լ․․․

Եվ այդ ասելիս պատմողը պիտի հարցներ, թե Մրոցի հողերի շարքին Ծիրանի տափն է՞լ է հող, բայց «մեծավորը» քահ-քահ պիտի ծիծաղեր, և Միրի մի քանի միամիտ գյուղացի, որոնք անգիր կասեին այդ պատմությունը, չինովնիկի ծիծաղը հօգուտ Միրի կընդունեին։

Այսպես շատ տարիներ եկել են, գնացել, երկու գյուղից էլ շատ յուղ ու պանիր, գորգ ու կարպետներ են տարել հազար ու մի չինովնիկ և տարածի համեմատ էլ հատկացրել Ծիրանի տափը՝ մերթ Միրին, մերթ Մրոցին, կռիվների աղբյուր ստեղծել, ամեն տարի մացառուտի կանաչ տերևները բացվելու հետ երկու գյուղում էլ թեժացրել զայրույթը Ծիրանի տափի համար․․․

* * *

Խորհրդային օրերն եկան։

Երբ որ գավառական քաղաքից թշնամու խուճապի մատնված զորքերը հեռացան, և բեզարած կարմիրբանակայինները պառկեցին Ազգային Խորհրդի զինվորների վրա, բանակի