Էջ:Ծիրանի տափ 7.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Երբ մոտեցավ և նա, որ կեսգիշերին կտուրի վրա խոսելիս ասել էր, թե «լավ չի լինի, թե էդպես գնա», և ուզեց աջը մեկնի և բարևելիս ձիավորի բռան մեջ դնի այն, ինչ պինդ սեղմել էր ձեռքում, աջը մեկնելիս աչքը ընկավ ձիավորի աչքին, և կիսով չափ մեկնած ձեռքը երկյուղից ետ եկավ ընկավ փափախի վրա, բռի մեջ՝ դրամ։ Ձիավորին ճանապարհելիս նա փափախը հանեց։ Նույն օրը կտուրի վրա խոսողները շատ հանդիմանեցին նրան, իսկ նա ուսերն էր քաշում և ասում.

― Կարացի ոչ, աչքերը հերսոտ էր․․․

Մի գարուն էլ շուռ տվեց, և այդ գարնանը քաղաքից հողաչափ եկավ երկու գյուղի սահմանները որոշելու։ Հողաչափը դեռ գյուղ չեկած՝ երկու գյուղումն էլ գիտեին նրա մասին այնքան տեղեկություն, կարծես այդ մարդը տարիներ էր ապրել նրանց հետ։ Մինչև նրա գալը երկու գյուղումն էլ նրա մասին էին խոսում։

— Ասում են շատ խղճով ա։

— Խմիչքներից հեռու չի․․․

— Որ հերսոտեց, էլ պրծում չկա, գործը կքանդի․․․

― Աչքի մինն էլ մի թեթև շաշ ա…

Հողաչափի գալուց հետո խոսքն ու զրույցն ավելի շատացավ։ Դեռ Միրին չհասած, վերին գյուղից ձիավորներ էին եկել նրան իրենց մոտ տանելու։ Եվ որովհետև նա «խմիչքեղենից հեռու չէր», վերի գյուղը գնաց, որի մասին լսել էր քաղաքում։ Առաջին հաղթանակը թև տվեց Մրոցին, ջուր մաղեց Միրի գլխին։ Ծիրանի տափի բախտը կիսով չափ որոշված համարեցին։

Հողաչափը շաբաթից ավելի մնաց, երկու գյուղում էլ կերավ ձու, կարագ, մեղր, քնեց մաքուր տեղաշորում, շատ անգամ էլ լսեց խանի և զուռնով բերած հարսի պատմությունը, Մրոցի ազդեցիկ մարդկանց խոսքը, որ իրենց Ծիրանի տափի պլանն ունեն։

Հողաչափը վերադարձավ։ Ճամփին նրա ձիու սանձից բռնում էին։ Երբ բռնողը Մրոցից էր, Ծիրանի տափն իրենց գյուղի համար էր խնդրում, իսկ եթե Միրից էր՝ Միրի համար։

Եվ երկուսն էլ համարյա նույն օրհնությունն էին թափում