Իջանք։ Փոքր գյուղ մըն էր այս Քեոշեպաշ ըսվածը։ Ցորենի որաններու դեզեր կային դիզված։ Մի քանի մարդ կկամնեին, թեթև քամիին դիմաց եղանով, հարդախառն ցորենը օդ կնետեին, եզներ ծուլորեն կդառնային հասկերու վրայեն և առանց անիվի կառքը իր սրածայր երկաթրերով կճռնչեր ու միջօրեին օգոստոսյան արևին տակ, այս հեռավոր գյուղի անսահման լռությունը կխածներ ատամներով․․․
- Մոտեցանք իրենց։ Վարագ գյուղն ու վանքը կփնտռենք, կրնա՝ք օգնել մեզի։
-Մեր աչքին վրա։ Այս մեր գյուղեն քիչ անդին Վարագ գյուղն էր կռիվեն առաջ։ Եկեք ցույց տամ ձեզի։ Ահա այստեղ։ Քալեցինք երեք րոպե։ Հետքերը գրեթե ջնջված բնակարաններու տեղեր, հազիվ նշմարելի փոսեր։
- Քար մը անգամ չէ մնացած։
-Այո, բոլորը բերած ենք այս կողմ և կառուցած մեր նոր գյուղը։
Մեր տուները չուզեցինք հայոց տուներուն վրա շինել։ Ով, գիտը, չարքերը կրնային մեզ պատժել․․․
-Բայց Վանի մեջ շատ- շատեր նստած են հայոց տուներուն մեջ, առանց չարքերեն վախնալու։
-Վանը ուրիշ, մեր գյուղը՝ ուրիշ։ Այստեղ հայերը խոշոր վանք մը ունեցած են, կըսեն թե գեղեցիկ վանք էր, գիրքեր կտպեին այստեղ, ով գիտե կյավուրին գործը, իրենք գացին, բայց վանքը մեզ կրնար պատժել․․․
-Ձեր գյուղը ջուր ունի։
-Հեռուն գրեթե կույր աղբյուր մը ունինք։ Այստեղ Վարագա գյուղին մեջ ալ լավ աղբյուր մը կար, Երկար տարիներ մեր միականի աղբյուրին գութովը կապրեինք։ Վերջը կառավարությունը շատ հեռու տեղերեն ջուր բերավ․, հիմա, փառք Ալլահին, ջուր ունինք, պաղ ջուր։ -Ձեր գործին արգելք ըլլալ չենք ուզեր, չէիք կրնար մեզի տալ ծերուկ մը, որ հայոց վանքը ցույց տար և հայոց գերեզմանները։
-Հիմա, հիմա կկանչեմ հայրս, ան շատ լավ գիտե։Եկավ հայրը։