Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 01.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



* * *

Մայրս գնում է գոմ՝ կովը կթելու։

Գնում է և երկար ժամանակ չի վերադառնում։

— Քա՜, աղջի՜, հարսն ի՞նչ եղավ,— հանկարծ բացականչում է հորաքույրս,— գոմ գնաց ու չեկավ։

Վազում են գոմ, տեսնում են մորս՝ կովի մոտ նստած, գրկում՝ մի կապուտաչյա երեխա։

Այդ երեխան ես էի։


* * *

Մայրիկս ինձ գրկել էր, կանգնել կտուրի վրա և կանչում էր․

— Լուսինկա՛ պապա, լուսինկա՛ պապա, եկո՛, էս չար տղան տա՜ր․․․

Ես նայեցի մորս կանչած ուղղությամբ և տեսա լուսինը, որ մանիշակագույն մթնաշաղում, մուգ֊կապույտ լեռան վրա նստել էր։ Այնքա՜ն մեծ էր այդ լուսինը։ Դրանից հետո ես երբեք չտեսա այդքան մեծ լուսին։ Նայելով և հրճվելով նրա բոցագույն փայլից՝ մի ձեռքով բռնեցի մայրիկիս մազերը, կախվեցի առաջ— ուզում էի ավելի մոտ լինել լուսնին— և մյուս ձեռքով ե՛ս էլ սկսեցի կանչել։ Մայրիկս նայեց ինձ և հանկարծ սեղմեց ինձ կրծքին՝ այնպե՜ս պինդ, այնպե՜ս գորովալից։ Թեև ես կորցրի լուսինը, բայց դուրեկան էր ինձ համար մորս սեղմումը, ինձ դուր էր գալիս մորս բուրումը։

Առաջին անգամն էր, որ ես այդքան բարձրից դիտում էի շրջապատը— ընդարձակ և զմրուխտյա մի դաշտ՝ կապույտ լեռների շղթայով երիզված։ Մայրիկիս թևի վրա նստած՝ մի ձեռքով բռնած մորս մազերը, ես ինձ նետում էի առաջ,