Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 115.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է




***

Բայց երբեմն ես և Շամսին կռվում էինք իրար հետ։ Կռվում էինք առանց պատճառի։

Նա ինձ հանկարծ անվանում էր «կյավուր[1]», իսկ ես անմիջապես նրան անվանում էի «իթ[2]»։

Այս բառերը մենք սովորել էինք մեր տներից և դպրոցներից։ Բոլոր թուրքերը հայերին կյավուր էին անվանում, և բոլոր հայերը թուրքերին՝ իթ։

Հորս մոտ գալիս էին թուրքեր, արժանսնում էին մեծագույն հյուրասիրության, բայց երբ գնում էին, սիրալիր և հարգալիր ողջույններով բաժանվում, հայրս նրանց ետևից մրթմրթում էր «իթլեր»։

Ւհարկե, երբ հայրս էր դուրս գալիս մի չափազանց հարգալից հյուրասիրությունից, նրա ետևից թուրքերը մրթմրթում էին «կյավուր»։

Կյավուրը և իթը, անհավատը և շունը չէին կարող ապրել իրար հետ։

Որևէ թուրք երբ ինձ կյավուր էր անվանում, ես ինքնաբերաբար իթ էի անվանում փոխադարձ, բացի Սանիեից։

Սանիեն ակացիայի ծաղիկն էր, որ բուրում էր գարնանային զով գիշերում։

Երբ ձերբակալված և շղթայակապ մի հայի կամ մի խումբ հայերի անցկացնում էին փողոցից դեպի բանտ, հայերը գլխիկոր անցնում էին, իսկ թուրքերը կանգնած՝ հրճվում էին, խնդությամբ լցվում։

Իսկ երբ մի թրքական դագաղ էր անցնում փողոցից, հայերը, աչքերը դեպի երկինք հառած, մրմնջում էին. «Փա՜ռք քեզ աստված»։ Ուրախանում էին, որ մի թուրք պակասել է։

Ինչո՞ւ էր այդպես՝ ես չէի ըմբռնել, և առանց հարցուփորձի իմ մեջ խորացավ ատելություն դեպի «շները», և Շեմսիի մեջ աճեց ատելություն դեպի «կյավուրները»։

Սանիեն անհետացավ վանդակապատ լուսամուտների ետև,

  1. անհավատ
  2. շուն