Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 119.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



— Մայրիկդ հիվա՞նդ է,— անմեղորեն հարցնում է Վերոնիկան։

— Ո՛չ, մայրիկս հիվանդ չէ։

Ոչ մի կերպ նա չի կարող գուշակել։ Նա ման է գալիս դեռևս անմեղության կապույտ բլուրների վրա։ Իհարկե, նրա կրծքում ևս շշնջում է բնությունը ինչ֊որ դյութիչ, կախարդական երգ, բռւյց հեռու է իմ հանցանքը գուշակելուց։ Վերոնիկան երբեք, երբեք չէր կարող պատկերացնել, որ մի ծաղկատի կին, բաց է արել իր մարմնի թաքուն գանձերը իմ առաջ ո՛չ միայն առանց ամաչելու, այլև բորբոքալից կարոտով, կարոտովը գիշերը բացվող և լուսաբացի շողերին սպասող ծաղկին։

Գնում ենք պարտեզի խորքը։ Ծաղիկներ են ճզմվում մեր ոտների տակ, իսկ ծառերից մրգեր են կախվել։ Որոշում եմ, որ երբ հասնենք բարձր թթենուն, խոստովանեմ իմ հանցանքը, բայց երբ հասնում ենք թթենուն, Վերոնիկան սկսում է վազվզել և աղաղակել․ «Ինձի բռնե»։ Վազում եմ, չեմ ուզում շուտ բռնել, վերջապես բռնում եմ, և մեր շրթունքները, անիմանալի ինչ֊որ մղումից, փարվում են իրար։ Բոլոր տերևները թվում է, ծափ են տալիս, մրգերը երգում են, իսկ պարտեզը, իբրև ոսկյա ծնծղա, թրթռում է։

— Վերո՛ն, — լսվում է ցածր։

Դառնում ենք։ Քրիստինեն։ Մոտենում ենք։ Քրիստինեն ամբողջ մարմնով դողում է։ Հազիվ շշնջում է․

— Բենոն կուգա։

— Թո՛ղ գա, — ասում է Վերոնիկան և թևերը վեր բարձրացնելով՝ միրգ է քաղում։ Նրա ստինքները կարծես ուզում են երկինք թռչել։

Բենոն Վերոնիկայի եղբայրն էր և իմ դասընկերը։ Նրա մոտենալուց չէր, որ Քրիստինեն դողում էր, նա դողում էր մեր համբույրից։

Բենոն մոտեցավ։ Միասին բարձրացանք թթենին։ Թութն այրվել է արևից, ցամաքել, քաղցրացել։

Վերոնիկայի գլխի վրա ևս փշրվեց երկնքի փիրուզը, փչեց անապատի մահաշունչ խորշակը, և նրա մարմմինը ծածկվեց ավազների տակ։

Միայն առավոտյան աստղը մի քանի կաթիլ արցունք թողեց նրա վրա, ապա երեկոն իջավ արյունալից աչքերով։