Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 126.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Բոլոր ձերբակալված հայերին միասին ազատ չարձակեին, այլ մեկ֊մեկ, կամաց֊կամաց, ամենավերջինին՝ ամենավերջին օրն էլ հարցաքննելով Ահմեդ Չավուշի ոճիրի կապակցությամբ։


***

Մի թուրք մոտենում էր մի հայ խանութպանի և հավաննելով մի ապրանք՝ արժեքն էր հարցնում։

— Արշինը տասը ղուրուշ, — պատասխանում էր հայ խանութպանը։

— Հինգով տուր, — առաջարկում էր թուրքը։

— Չեմ կրնար տալ, ընծի արդեն ութը ղուրուշ մալ է եղեր։

Թուրքը պահանջում էր, որ հինգով տա, հայը չէր տալիս, թուրքը հեռանում էր ատելությամբ, ատամները կրճտացնելով։

Անցնում էր մեկ֊երկու օր, և ահա փողոցում մի իրարանցում — թուրքերը ծեծում են ինչ֊որ հայու։

Արշինը հինգ ղուրուշով ապրանք չտվող հայ խանութպանն է ծեծ ուտողը։ Թուրքն էլի էր հանդիպել նրան փողոցում։ Թուրքը հարցրել էր․

— Հինգ ղուրուշով չե՞ս տար, գյավուր։

— Ո՛չ,

Եվ թուրքն սկսել էր բղավել։

— Դինիմե սեոկտի[1]․․․ հասեք, ես խաղաղ անցնում էի, Մուհամմեդին հայհոյեց, սուրբ կրոնը հայհոյե՜ց․․․

Ահա ամբոխը կոտրտում էր հայ խանութպանի քիթն ու բերանը, իսկ հայ խանութպանն ամեն մի հարվածին պատասխանում էր․

— Հինգ ղուրշով չեմ տար, ամա ձրի կուտամ, տարե՛ք։

Ոչ ոք չէր հարց տալիս, թե ինչո՞ւ ծեծ ուտող մարդն այդ խոսքերն է աղաղակում, ի՞նչ կապ ունեն այդ խոսքերը սուրբ կրոնի հետ։

  1. կրոնիս հայհոյեց