Պատահում էր ուրիշ դեպք։
Մի քանի հայ, ամայի մի վայրում, հանդիպում են մի թուրքի, բոլորովին անծանոթ։
— Հայդե՛, ծո, աղեկ բռնեցինք․․․
Մոտենում էին թուրքին, խոսակցության բռնվում, անարգական խոսքեր ասում, թուրքը պատասխանում էր փոխադարձ անարգական խոսքերով։
— Ծո՛, դուն ո՞ր շունն ես, որ էդպես կպատասխանես, հավկըլե[1], ծո։
Ձեռաց սպանում էին, գցում մի փոս և հեռանում։ Մի քանի օրից գտնում էին դիակը և սկսում էին ձերբակալությունները։
Ոսկերիչ Տիգրանը մի այգի ուներ քաղաքի սպանդանոցի մոտ։ Ես գնացել էի մեր ազգականի այգին, որր գտնվում էր ոսկերիչ Տիգրանի այգուն կից։
Կեսօրին մի թուրք մտավ այգին մի կողով շալակած և խաղող ուզեց։ Տիգրանը չուզեց տալ, բայց մայրը միջամտեց.
— Տո՛ւր, շուն է, կը դուշմըննա։
Տիգրանը տվեց նրան խաղող, բայց ոչ կողովը լցվելու չափ։ Թուրքը պահանջեց, որ ամբողջ կողովը լցնի։
— Կողովը լցնեմ, չես կարող շալակել, ծանր է, — ասաց Տիգրանը, կատակելով և հասկացնելով, որ ավելին չի ցանկանում տալ։
Թուրքը պահանջեց, որ անպայման կողովը լցնի։ Մայրն էլ միջամտեց, բայց Տիգրանը զայրացավ և մերժեց։
— Այդքան ը որ ձրի տվի, հերիք է, — հայտարարեց Տիգրանը։ Թուրքն էլի պահանջեց։ Նրանք կպան իրար։
- ↑ կուլ տալ