Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 128.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Տիգրանը նիհար և թուլակազմ մի մարդ էր, իսկ թուրքը՝ ուժեղ և հաղթանդամ։ Տիգրանը պարտվեց, կուշտ ծեծ կերավ և մի ատամն էր վրա տվեց։ Ոչ ոք չմիջամտեց։

— Շուն է, կերթա հազար ու մեկ խառնակչություն կենե, — ասին բոլորը և թույլ տվին, որ Տիգրանը ծեծն ուտե։

Հինգ օր հետո Տիգրանին կանչել էին դատի։

Ես գնացել էի դատարան այդ դատը տեսնելու, հակառակ մորս պատվերին, որ այդպիսի տեղեր չգնամ։

Թուրքը դատարան ներկայացավ՝ ճակատը սպիտակ թաշկինակով կապած։ Իբր թե Տիգրանը խփել էր քարով նրա ճակատին և ջարդել։ Թուրքը ներկայացրեց դատարանին բժշկի տեղեկանքը վերքի մասին։ Տիգրանին երկու ամիս բանտ վճռեցին և ծեծելով տարան բանտ, իսկ Տիգրանը դատարանում միայն մի բան էր խնդրում.

— Քանդեցե՛ք թաշկինակը և տեսե՛ք թե՝ վերք կա՞։

Դատարանը գտավ, որ կառավարական բժշկի տեղեկանքը կա և բավական է։

Երբ Տիգրանին տարան բանտ, և մենք էլ դուրս եկանք, ես իմ այս աչքերովս տեսա, որ թուրքը իջավ փողոց և հանգիստ սրտով քանդեց ճակատի թաշկինակն ու դրավ գրպանը — ոչ մի վերքի հետք, մինչև անգամ ճանկռտուքի հետք չկար ճակատի վրա։


***

Մի օր, ցերեկով, մի սարսափելի լուր տարածվեց — մի հայ սափրիչ ածիլվող մի թուրքի վիզն է կտրել։

Լուրը տարածվեց կայծակի արագությամբ։ Ամեն մարդ ջանաց անմիջապես խանութը փակել և տուն գնալ։ Տասնևհինգ րոպեում քաղաքի շուկան ստացավ կիրակնօրյա կեր֊պարանք՝ դատարկվեց։

Ի՞նչ էր պատահել։

Հայ սափրիչը թուրքին ածիլելիս է եղել, երբ սափրիչին մի ծանոթ հայ ներս է մտնում և նրա ականջին շշնջում.

— Դուրսը թուրքն ու հայն իրար են խառնվեր, դուն ի՞նչ կենես հոս։