Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 133.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Այս սերունդը թուրքերեն լեզվով կոչվում էր քյուլխան բեյի — մոխրակույտերի իշխան, — որոնց ծնունդը հար և նման էր մեզանից 1930 տարի առաջ ծնված Նազովրեցի Հիսուսի ծնունդին՝ անհայր, որովհետև մեր դարում չէր ճարվի մի դուրգար Հովսեփ, որ կնության առներ մի կույս՝ երեխան գրկում։ Այդ կույսերը տանում, ձգում էին իրենց ոտի ելած մանուկներր բաղնիքների ետևում դիզված մոխրակույտերի մեջ, և նրանք մեծանում էին առանց Հովսեփի ու առանց «սուրբ կույս» մոր։

Ձմեռները նրանք բաց էին անում մոխիրներր, մտնում մեջը, պառկում, մոխիրը քաշում վրաները և քնում՝ ազատվելով անգութ և անկարեկից ցրտից։

Մոխրակույտերի այս իշխաններն ապրում էին կիսամերկ, մեջիդների դռներին սլքտալով, ապտակ ուտելով։

Ճաշում էին աղբակույտերում, ձմերուկի, սեխի, խնձորի կեղևներով, կատուների ճանկերից մսի կտորներ գողանալով, մսագործի խանութներից՝ ոչխարի մի տոտիկ կամ մի գլուխ, քաղաքում հավկիթներ էին թռցնում, թաղերում հարուստների փոքրիկ երեխաների ձեռքից կորզում էին կարկանդակ և մրգեր։

Կեսօրին հավաքվում էին զորանոցի ետևը և օգտվում թափված խարավանայից[1]։ Հարձակվում էին գյուղից քաղաք եկող իշաբեռների, սայլերի վրա, ծեծվելով, քիթ ու բերան ջարդոտելով՝ ձեռք էին բերում մի քանի ափ ցորեն կամ ալյուր, հարձակում էին գործում, մանավանդ, ճակնդեղի բեռների վրա, որովհետև կարող էին ճակնդեղները խաշել բաղնիքի նոր դուրս թափված այրող մոխրի մեջ և ուտել։

Պետական, կրոնական, հասարակական և բարեգործական ոչ մի կազմակերպություն գոյություն չուներ, որ մտածեր այդ «իշխանների» մասին։

Մեռածներին թաղում էին իրենք, մոխրակույտերից մի քիչ հեռու, մի քանի գլուխ ջարդելով նրա ցնցոտիների բաժանման պայքարում։

  1. զինվորական ապուր