Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 134.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տարին մի անգամ բաղնիքի տերը, համաձայն քաղաքային օրենքի, պարտական էր մաքրել ամբողջ մոխրակույտը։ Այդ մաքրության ընթացքում տասնյակ դիակներ էին դուրս գալիս։

Շատերը հենց քնել էին և չէին զարթել։


***

Մոխրակույտերի իշխաններից մեկն էր Ալին, նրանց ամենից գեղեցիկ հերոսը, բարձրահասակ, սիրուն կազմվածքով և ուժեղ։

Ալին 25 տարեկան էր, երբ հայրս կանչեց իր մոտ և նշանակեց նրան մեր ագարակի պահապան։ Մեր ագարակն ավերողները մոխրակույտի իշխաններն էին։ Ալիի պաշտոնի գլուխ անցնելուց հետո՝ ոչ մի «իշխան» չմտավ մեր ագարակը, միայն Ալին իր սեփական խմբին երբեմն մատակարարում էր մեր ագարակից մրգեղեն և բանջարեղեն։

Հայրս գոհ էր Ալիի պաշտպանությունից։ Ագարակը միանգամայն փրկվեց փչանալուց։

Ալին հավատարիմ էր, անկեղծ և հանդուգն։ Նա կռվի էր բռնվում ոստիկանների հետ և հաղթում։

Մեր ագարակը մտնելուց հետո՝ նա փոխեց իր շորերը, կյանքում երրորդ անգամը լինելով՝ լողացավ, ածիլվեց, մազերը խուզեց, լայն, երկար և կանաչ գոտի կապեց մեջքին և նրա մեջ խրեց դանակն ու մարդ ծեծելու փայտի կամ գավազանի չափ հաստ և երկար մուշտուկը։

Այս կերպարանափոխությունից հետո էլ մարդիկ չմոռացան նրա սոցիալական ծագումը և ամեն առիթի նրա երեսին շպրտում էին նախկին արհամարհական խոսքը․

Քյուլխան բեյի

Մի օր Ալին եկավ հորս մոտ, ամաչելով կանգնեց և ասաց․

— Հաջի էֆենդի, ես մտածում եմ ուրիշ քաղաք գնալ, այստեղ բոլորն էլ գիտեն, որ քյուլխան բեյի եմ։

Ամաչելով իր ծագումից, կյանքումը լաց չեղած այս բիրտ մարդը լաց եղավ, թափեց այրող արցունքներ, որ մինչև այն ժամանակ անծանոթ էին նրա կոպերին։ Նա լաց էր եղել