Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 138.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
***

Ալին գնաց, անցավ երկու տարի։ Նրանց ոչ մի լուր։

— Գնաց մի քաղաք, տված դրամդ դրամագլուխ շինեց և բացեց մի խանութ ու կապրի իր համար, — ասում էին շատերը հորս։

Հայրս համառորեն պնդում էր․

— Ալին վերջը֊վերջը կուգա, դուք կտեսնեք։

Մեր քաղաքից մի քանի թուրքեր վերադարձան Մեքքեից։

Հայրս հարցուփորձ արավ։

— Ես տեսա նրան Երուսաղեմում, — ասաց նրանցից մեկը, — նա դեռևս ուշ կգա, ոտով էր գնում։

Իսլամ ուխտավորները տարածեցին ամբողջ քաղաքում Ալիի ջերմեռանդությունը, նրա կրոնական կրակը։ Նա այդ զոհաբերությամբ պիտի սրբեր սոցիալական իր ամբողջ «բասիրը», իր ծագման ամբողջ «կեղտը»։


***

Երեք տարի անցնելուց հետո՝ մի օր մեր քաղաքի պատերի վրա յաֆտաներ[1] փակցրին, որ Ալին գալիս է Մեքքեից բոբիկ ոտքերով, հոգնած և ուժասպառ, և որ ամեն իսլամի պարտականությունն է դիմավորել ու հոտոտել նրանից իսլամներին խոստացված դրախտը։

Լուր տարածվեց, որ Ալին գալիս է մարգարեից ստացված չտեսնված շնորհով։ Այդ շնորհին արժանացել էր նա բոբիկ ոտքերով մինչև Մեքքե քայլած լինելուն համար, այրելով իր ճակատը և ոտները արաբական կիզիչ արևի տակ և ավազների վրա։

Երկու օրից Ալիին բեյ հռչակեցին — Ալի բեյ։ Այս տիտղոսը նա ստացավ ինքնաբուխ կերպով հավատացյալ ժողովրդից իր ժամանումից առաջ։

Ամեն մի հավատացյալ իսլամ պատրաստվեց դիմավորել նրան նվերներով։

  1. հայտարարություն, աֆիշ