Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 139.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
***

Ամառ է։ Դաշտի օդն ալիքավորվում է միջօրեի տապից, այրվում է հողը, մի դաժան և անկարեկիր արև վառում է դաշտի ցորենները։

Բազմահազար ժողովուրդ լցված է փոշեթաթախ ճանապարհին, երկու֊երեք մղոն գետնին փռված արևելյան գորգերը կորցրել են իրենց կախարդական գույները փոշուց։

Հեռվից նշմարվում է մի կետ։ Ճանաչելի է դառնում։ Ալին է․ գլխին մի կանաչ ապարոշ, հագին երկար և կանաչ աբա, ձեռքին նույն երկար և անտաշ գավազանը, կուրծքը բաց, բոբիկ․ նա բաց է արել նաև իր արությունը, որի վրա, մարգարեի հաճությամբ, դրոշմված է հաջին․ ահա այն շնորհը, որին նա արժանացել է ի փոխարեն իր բոբիկ և ցնցոտիապատ ուխտագնացության։

Խռնվում է ժողովուրդը նրա շուրջը լուռ և անձկագին աճապարանքով, սկսում են երկյուղածությամբ համբուրել մարգարեի շնորհին արժանացած նրա արության խորհրդանշանը՝ հաղորդակից լինելով իսլամական դրախտի շնչին։ Ամեն համբուրող, նրա քղանցքներին և գավազանին դիպչող ամեն մի մարդ մատուցանում է իր նվերը բոբիկ ընտրյալին։

Ոմանք բերում են ձիեր իբրև նվեր, ոմանք նվիրում են իրենց կալվածների մի մասը, մի ամբողջ խանութ, հայտարարում են իրենց նվերները համբուրելիս, բերում են մետաքսներ, արծաթներ, ոսկիներ, բերում են կահ֊կարասիներ, խալիչաներ, սփռոցն եր, խուտնի֊խումաշ անկողիններ, մահճակալ, վառարան, հագուստեղեններ։ Նվերների համար պատրաստված կառքերը լցվում են, և շարքը քանի գնում երկարում է։

Ալին լուռ է, փոշեթաթախ և դողահար։

Մտնում է քաղաք։

Տանիքները լիքն են հետաքրքրվող ժողովրդով, լուսամուտների վանդակների ետև ծակում են աչքերը կանանց, մարմրում են սրտերն իսլամ մայրերի՝ իրենց փոքրիկ աղջիկներին ընծայաբերելու մարգարեի ընտրյալին։

Ալին լուռ է։ Փոշին և քրտինքն ակոսներ են փորել նրա ճակատի վրա և քունքերից վար։ Քայլում է դանդաղ, պարտասուն։