Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 14.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անիծեր ու դրախտ են դուրս քշեր։ Օձը կնկան միջի կրակն է, քա՜, հեչ տեսե՞ր ես, որ էրիկ մարդը կնկա ձեռք դպցնի, մինչև կնիկը պոչը չխաղցնե։ Աչքը քոռնա Եվային, առանց պսակի չափան օինի հանեց և մեզ ըլ ձգեց այս կրակին մեջ, թող քիչ մ՚ըլ համբերեր, աստված պսակի հրաման կուտար, էն ատենը թող մտնար էրկան ծոցը, զաթեն ուրիշ կնիկ ըլ չիկար, որ ձեռքեն առներ, մեկ մը ինք, մեկ ըլ Ադամն էին ամբողջ աշխրքի մեջ։

Հարսը միայն մի բացականչություն արավ․

— Քա՜․․․

— Եվան աննամուս կնիկ է եղեր, խոսքը միջերնիս,— վերջացրեց մայրս։


***

Մինչև հիմա էլ չեմ մոռանա այն սարսափը, որ ես պատճառեցի իմ բարի մորը։

Ամառ էր։ Տապից փախած՝ գնացել էի մեր տան մութ խզենը[1] և պառկել էի հովանալու համար։ Չգիտեմ ինչքան էի քնել, երբ մեկն սկսեց իջնել ցած։ Ես աչքերս բաց արի և սկսեցի դիտել։ Հանկարծ ներքև իջնողը սարսափելի ճիչ արձակեց և փռվեց գետին։ Ես ցատկեցի անմիջապես, դրսից վրա հասան ընտանիքի մյուս անդամները։

Գետին փռվողը մայրս էր։ Գրկեցինք և տարանք ննջարանը։ Զանազան կաթիլներով հազիվ կարելի եղավ զարթեցնել։ Ամբողջովին դժգունել էր, նայում էր վախեցած աչքեռով, մեկ՝ մեկին էր հառում, մեկ՝ մյուսին— պարզապես հորս էր որոնում։ Վրա հասավ մեծ եղբայրս (մեծ եղբայրս տասներեք տարով փոքր էր մորիցս), անմիջապես գրկեց մորս գլուխը և հարցրեց․

— Ի՞նչ եղավ։

Մորս լեզուն բացվեց։

— Խզենը սատանա կար,— շշնջաց մայրս,— աչքերը բոցի պես կփայլեին։

Մեծ եղբայրս կարծես ցնցվեց։ Նա կարծեց, թե մայրիկին

  1. ներքնահարկ