Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 140.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Հասնում է քաղաքի մեջիդը, չոքում է դռան շեմքին, համբուրում է մաշված մարմարը, աղոթում է երեսը դեպի հարամ, մտնում է ներս, էլի աղոթում։

Ալիին առաջնորդում են մեջիդի կողմից իրեն նվիրված մի գավառական պալատ՝ ուր հասնելիս նա ցանկություն է հայտնում քնել։

Հայրս նրա մոտ չգնաց, բայց կես֊գիշերին Ալին մարդ էր ուղարկել հորս և խնդրել նրանից՝ «շնորհ բերել» իր մոտ։

Երբ հայրս մտնում է Ալիի սենյակը, նա ոտքի է կանգնում, վազում և համբուրում է նրան։

— Հաջի էֆենդի, քու շնորհիվ աշխարհքին խերն անիծեցի, — ասում է նա։

Բաժանվելուց առաջ Ալի բեյը ստիպում է հորս ետ վերցնել իր տված փողը։ Հայրս կտրականապես հրաժարվում է։

— Ես իմ հոգու համար եմ տվել, — ասում է հայրս։

Ալի բեյը խոստանում է մինչև անգամ իր կյանքի գնովն օգնել հորս իր նեղությունների մեջ։ Հայրս շնորհակալություն է հայտնում։


***

Մի ամսից հետո Ալին նպարեղենի խանութ բաց արեց, որի մեջ կշեռք և չափ չկար, որովհետև հաճախոդներին ապրանք չէր ծախում։

Նա նստում էր խանութում, մետաքս, խուտնի֊խումաշ բարձերով շրջապատված, մարգարեական կանաչ արան հագին, մի արշին երկար մուշտուկը բերնին, կանաչ ապարոշով։ Անցնող հարուստներին նա հրավիրում էր խանութը։

— Ձեր տունն ի՞նչ ուղարկեմ, — հարց էր տալիս։

Հարուստները նրանից խնդրում էին ուղարկել խանութի ապրանքի ամեն տեսակից և դնում էին մետաքսե բարձերի վրա մի քանի դեղին ոսկի։

Ալի բեյն ապրում էր անիմանալի ճոխության, շռայլության և շվայտության մեջ, ապրում էր նա ժամանակակից հազար ու մեկ գիշերներ։

Իրար ետևից նա կնության առավ 8 աղջիկ, բոլորն էլ 12 տարեկան։