Հաճախորդը գոռում է, երեսի օճառի փրփուրներր հետզհետե սմքում են։ Քթի տակը օճառի պղպջակների պայթելուց՝ քորվում է։
— Ածիլե՛ երթամ, բե՛ ջանըմ։
— Շատ մի խոսա՛, էստեղ գործ ունիմ,— պատասխանում է Ակոբը և շարունակում վիճել չարաճճի մանուկների հետ աղվընիկ խաղցնող Պեյրոսի Չիլ աղավնու մասին։
— Ծո, շուտ ըսե, վո՞վ ըսավ, քեզի կըսիմ,— նորից հարցնում է Ակոբը մտահոգ։
― Աչվըներովս տեսանք։
Ակոբը տխրում է։ Դա նշանակում է, որ Պեյրոսը շուտով առավելություն է ձեռք բերելու։ Պեյրոսի Չիլը Դիարբեքիրից են բերել, համարվում է Փոքր Ասիայի ամենաազնիվ ճինսերից մեկը, երկնքից կարող է քաշել֊տանել որևէ աղավնի և նա աճել է երկուսով։
Մութը պատում է Ակոբին։
— Չիլի անունը մենծ է, ամա ադքան չէ,— հարում է Ակոբն իրան մխիթարելու համար, բայց թախիծը թանձրանում է նրա աչքերում։
Հաճախորդը զայրանում է։
— Տ՚ածիլե՞ս թե չէ, — և հայհոյում է։
Ակոբի աչքերը թարս ու թուրս են նայում, հաճախորդը վախենում է այդ աչքերից․ Ակոբը, հանկարծ, կարող է փոխել ածելիի իսկական դերը։ Ակոբը մոտենում է հաճախորդին՝ ածելին ձեռքը։
— Ի՞նչ կուզես, — հարցնում է հանգիստ, բայց սարսափելի է այդ հանգիստ տոնը, որովհետև դա զայրույթի բարձրագույն կետն է։
Հաճախորդը մեղմանում է և աղաչական հարում․
― Կուզիմ քի, ածիլես երթամ։
Ակոբը քաշում է սրբիչը, մաքրում հաճախորդի երեսի օճառը և՝
— Վերջացավ, յալլա՜․․․
Հաճախորդը վեր է կենում նստարանից, ֆեսը դնում և հեռանում, եզրակացնելով, որ ազատվեց ստույգ վտանգից։
— Ուրիշ գործ չունիմ դե՝ իրեն երեսը տածիլիմ, — մրթմրթում է Ակոբը հաճախորդի ետևից։