Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 150.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք էլ հեռանում էինք, Ակոբին թողնելով լուռ տանջանքում։ Իսկ նա մի սիգարա է փաթաթում, քաշում արագ֊արագ, փակում կրպակը, գնում տուն, ճանապարհին աչքերը երկնքին, տեսնելու համար, թե ո՞ւմ աղավնիներն են ճախրում երկնքում։

Ակոբը տուն գնալուց հետո՝ բարձրանում էր կտուրը, դուրս բերում իր աղավնիները, մոռանում Պեյրոսի Չիլը, ինքն էլ ունի փոքրասիական հռչակ վայելողներ։

Բռնում էր ոմանց, գլուխները կոխում բերանը (դա նրա սիրելու ձևն էր) և բաց թողնում։

Կտուրի վրա, Ակոբի գլխավերևր, շրխկում էին աղավնիների թևաբախումները։ Ամեն մի թևաբախման՝ Ակոբը ներքևից հափշտակությամբ բացականչում էր․

— Օ՜խ, թևերուդ ղուրբան, օ՜խ․․․


***

Մի օր, մի պարտված աղավնու տեր կանգնեց Ակոբի դռանը, հետն առած կողմնակիցներին (գրեթե բոլորն էլ Ակոբի աղավնիներից դաղված աղվընիկ խաղցնողներ)։

Եկավ, կանգնեց և ասաց*

— Դու՛րս եկուր։

Երբ Ակոբի կինը լսեց գոռոցը և փոքրիկ լուսամուտից տեսավ փողոցում կանգնած աղվընիկ խաղցնողներին, մանավանդ երբ տեսավ փայլփլացող դանակը, գլխաբաց, նիհար, մոմի նման դժգույն ձեռքերր պարզած՝ վազեց դեպի կտուր տանող սանդուղը։

Այդ ժամանակ Ակոբը, դանդաղ, ծանր քայլերով, իջնում էր կտուրից։ Դեմքն ամբողջովին այլափոխված էր, շրթունքները դողում էին զայրույթից։

Կինն ըրնկավ ամուսնու ոտը․

— Ոտքդ պագնիմ, մ՚երթա։

Բայց Ակոբը հավի նման շպրտեց կնոջը։

— Էրիկ մարդ եմ, շատ մի խոսա։

Նա լուռ առաջացավ դեպի պահարանը, որի բանալին միայն իր մոտ էր լինում։ Բանալին ծակը խրելու հետ միասին՝ կինն ընկավ սալահատակին ուշագնաց։