Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 151.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Ակոբը բաց արավ պահարանը, դուրս բերեց հին, պապենական դանակը, քաշեց պատյանից, համբուրեց սառը պողպատը, նորից դրեց պատյանը և գնաց դուրս։ Աղջիկը տանը չէր, կինը մնաց սալահատակին ընկած։

Ակոբի դռան առաջ երևնալը և դանակը բոցի նման շողացնելը բավական եղավ, որ հակառակորդները նահանջեն, որովհետև մինչև այդ Ակոբի կողմնակիցներն էլ հավաքվեցին։

Քիչ անց ո՛չ ոք չմնաց Ակոբի դռանը, այն ժամանակ Ակոբն ամոթ չզգաց ներս գնալու։

Ակոբը տեսավ կնոջն ընկած գետնին, բարձրացրեց նրան, մի քիչ ջուր սրսկեց երեսին, և երբ կինն ուշքի եկավ, ասաց․

— Հեչ ջիգեր չունիս, կնիկ, մեղք որ ի՛մ կնիկս ես։


***

Բայց Ակոբի կնոջ սիրտն ուրիշ վերք էր կրծում, նա դանակից վախեցողը չէր, շատ էր տեսել, տեսել էր և ամուսնու արյուն թափելը, շատ անգամներ էր նրա վերքը կապել։

Կինը մտածում էր այն բանի մասին, որ աղջիկը մեծացել էր, և եթե ամուսինը ձեռք չքաշեր աղվընիկ խաղցնելուց, սիրուն աղջիկը տանն էր մնալու։

Առհասարակ, երբ աղավնի խաղցնողները հասակն առնում էին, թողնում էին աղավնիները։

Մինչև անգամ շատերը թողնում էին ամուսնությունից անմիջապես հետո։ Բայց ոչ մի հույսի նշույլ չէր երևում, որ Ակոբը թողնի աղավնիները և խաղաղ զբաղվի իր արհեստով։

— Վազ անցիր աղվընիկներեն, ա՜յ մարդ, — աղաչում, պաղատում էր կինը, — աղջիկ զավակ ունիս, տունը կը մնա, մեղք է։

Ակոբը ցնցվում էր, մարմինը փուշ֊փուշ լինում, երբ կինն աղջիկ զավակի խոսքն էր մեջ գցում։ Նրա հոգու առաջ կանգնում էին կաթնագույն աղավնիներն ու կաթնագույն, սև մազերով աղջիկը և չէր կարողանում ազատվել մեկնումեկից, մռայլվում էր, տանջվում, թախիծը, թանձր, մթին մշուշի նման, իջնում էր ճակատի վրա և չգտնելով ոչ մի ելք՝ ապտակում էր կնոջը և գոռում․

— Կենե սկսար վռվռալ հերի՛ք է, մաշեցիր։