Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 152.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կանչում էր աղջկան, դիտում նրա հասակը, ձմերուկի կտերի նման սև աչքերը, նստեցնում ծնկանը, շոյում մազերը և արցունքոտ աչքերով շշնջում․

— Կըզըմ, չինար բոյլի կըզըմ[1]

Արցունքները չէին թողնում, որ շարունակի, վեր էր կենում, բարձրանում կտուրը, բաց թողնում աղավնիները դեպի պաղպաջուն և կապույտ երկինքը, մոռանում աշխարհն ու իր չար օրենքները։

Երբ օդում շրխկում էին աղավնիների թևերը, մռայլը փարատվում էր Ակոբի աչքերից, ճակատի թախիծը սրբվում, և նրա ամբողջ դեմքը փայլում էր անձրևից լվացված կանաչի նման։

Բայց կինը հանգիստ չէր տալիս նրան, կրկնում էր անդադար,

— Աղջիկ զավակ ունիս, հողը դիր, ազատվի։

Բայց Ակոբն ինչպես ազատվեր աղավնիներից։

Աղավնիների ամեն մի բմբուլը կապված էր նրա հոգու հետ։

Օրվա ամեն մի րոպեին, ինչ էլ որ աներ, քնած թե արթուն, նա ապրում էր աղավնիների հետ, լսում էր նրանց մրմունջը։

Փողոցում քայլելիս՝ հանկարծ մի թռչուն էր թռչում նրա գլխի վրայից։ Ակոբը ցնցվում էր և աչքերը հառում վեր։

— Ես կարծեցի քի՝ աղվընիկ է, — ասում է Ակոբը և ժպտում։


***

Թափվեց տիեզերքի ձյունը նրա գլխի վրա։ Դարձավ ալեխառն՝ նման իր մոխրագույն աղավնիներին, բայց նա հոգով մնաց մանուկ, ինչքան հասակն առավ, ավելի ու ավելի մանկացավ։

Օրերով խանութը չէր բաց անում, որովհետև կարող էր հաճախորդին վշտացնել։

Ածիլած ժամանակն աչքը լուսամուտից դուրս էր։

Երբ օդում աղավնիներ էր տեսնում, թողնում էր հաճախորդին,

  1. Աղջիկս, չինար հասակով աղջիկս