Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 155.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որովհետև նրանցից ձագ էր ունեցել, հաշվում էր սրտի կեսը։

Ակոբը, երբ ոսկիներն առավ և ծոցից դուրս բերեց թանկագին աղավնիները, հանձնեց նոր տիրոջը, նրա աչքերից արցունքի կաթիլներ ընկան աղավնիների փետուրների վրա։

Բայց արցունքները սրբեց, ուրախության մի ալիք ողողեց նրա երեսը։ Հինգ ոսկին բավական էր մի տարի ապրելու համար, և պարտավոր չէր խանութը բաց անելու և հաճախորդների «քթի հոտը քաշելու»։

Երբ նա տուն եկավ, աղջիկը դիմավորեց նրան։

Ակոբը հանկարծ ուրախությունից բացականչեց․

— Աղվընի՛կս, ճերմա՛կ աղվընիկս։

Նրանք փաթաթվեցին իրար։

Մի քանի անգամ Ակոբը որոշեց ծախել աղավնիները, ոչնչացնել տուն֊տեղ, գնալ մի ուրիշ քաղաք, թերևս մի ուրիշ երկիր, որպեսզի մարդիկ չիմանան, թե ինքը եղել է աղվընիկ խաղցնող։ Աղջիկը մեծանում էր և տանն էր մնում։

Որքան որ որոշում էր ծախել, բայց սարսափում էր այդ հեռապատկերից։

Գիշերները, կես քուն, կես արթուն, նրան այնպես էր թրվում, որ ինչ֊որ մարդիկ եկան, սարսափելի դեմքով մարդիկ, բարձրացան կտուրը, բաց արին աղավնիների դռնակը և տանում են աղավնիները, տանու՜մ են, տանու՜մ։

— Չիմ տար, մի տանիք, — գոռում էր Ակոբը քնի մեջ, որից ահաբեկվում էին կինը և աղջիկը։

Վեր էր ցատկում այսահարի նման, ոտաբոբիկ բարձրանում կտուրը, բաց անում աղավնիների դռնակը, մտիկ տալիս նրանց մրմունջին, հանգստանում և իջնում ներքև։

Վերջապես, Ակոբը որոշեց ոչ թե ծախել թռչունները, այլ մորթել, ոչնչացնել։

Ակոբը չէր կարող հաշտվել այն մտքի հետ, որ աղավնիներն ապրեին, լինեին ողջ, թռչեին, մրմնջեին և իրենը չլինեին։

Մի երեկո Ակոբը հայտնվեց կտուրի վրա։

Երկար ժամանակ էր նա կտուր չէր բարձրացել։

Աղջկա վիճակը տանջում էր նրան։

Երանի էր տալիս, որ աղջիկը չլիներ, ինքն ազատ լիներ։

Ինքը և աղավնիները․․․ դա կլիներ դրախտային կյանք․ կյանքի բաժակը կլիներ քաղցրությամբ լեփ֊լեցուն։