Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 16.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մորս կաթը լինում էր հորդահոս։ Գնում էինք, խնդրում կաթ չունեցող մայրերից, որպեսզի իրենց լղար երեխաները տան մորս կերակրելու։

Ես պայծառորեն հիշում եմ, դեռ 3—4 տարեկան, որ նստում էի մորս գիրկը և սկսում էի ծծել կաթը։ Մայրս մի մատով սեղմում էր ստինքը, որպեսզի քթիս փոքրիկ ծակերն ազատվեն շնչելու։ Ծծում էի անհագ և փստփստացնելով, ամբողջ հագագս լցվում էր թանձր կաթով։ Հիշում եմ մորս ստինքները․ սպիտակ, մաքրամաքուր և բուրումնավետ, թուխ և ժիր պտուկներով։ Այդ ստինքների հաճույքը ըմբոշխնել էին մի քանի տղամարդ՝ ես և եղբայրներս։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։

Մա՜յր, հիշում եմ քո խարտյաշ աչքերի զայրույթը, երբ նոր բուսած սուր ատամներով ցավացնում էինք ստինքներիդ պտուկները։

Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպիսի հեշտանքով, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։

Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։