Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 36.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներքին վճռականությամբ, մոտեցավ Գոգոյին և փաթաթվեց նրա վզով։ Գոգոն անմիջապես ցնցուղը դրեց խոտի վրա, գրկեց Լևոնին, համբուրեց երկար և խորունկ սիրով շշնջաց․

— Յավրու՜ս, իմ աղվորի՜կ յավրու՜ս…


Զ

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ջին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․

— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.

— Ակոբը գնաց սիրականին քով։