Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 39.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե[1] տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․

— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկթաձև սպիտակը։

Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների

  1. նորից, դարձյալ