Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 42.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր նրա շարժվիլն իր հոգում։ Մանավանդ մայրս և Հակոբն իրար հետ կատարյալ մտերիմներ էին։ Մայրս չէր հիշում, թե արդյոք եղե՞լ է մի ժամանակ, երբ Հակոբը գոյություն չի ունեցել։

Անցավ մի ամիս, բայց Հակոբի վիշտն ավելի էր խորանում։

Եվ հայրս որոշեց նրան առաջարկել երկու բան՝ ճամփորդություն կամ ամուսնություն։ Հայրս խորապես համոզված էր, որ սրանցից մեկն ու մեկը կփրկի նրան, կմեղմացնի նրա վիշտը, և մի օր էլ կմոռանա։ Այս նպատակով, հայրս հիշեցրեց նրան թուրքական երգի մի կտորը՝ «Գյուն դուր, կեչեր, աղլամա»[1]։

Հակոբն ընտրեց ճանապարհոորդությունը։

Մայրս մեծ պատրաստություն տեսավ, նոր շորեր կարեց, սպիտակեղեններ պատրաստեց, նոր անկողին կարեց, քուրք առավ, Հակոբի գոտին լցրեց ոսկով։

Բոլորս համբուրեցինք նրան, մայրս հազիվ կարողացավ բաժանվել Հակոբից, իսկ հայրս սառնասրտությամբ համբուրեց նրան և ասաց․

— Դուն քըզի աղեկ նայիր։

Բոլորը զարմացան, որ հաջի էֆենդին լաց չեղավ, բայց երբ կառքի անիվները սկսեցին գլորվել, կառքր հեռացավ, դարձավ մի կետ և ի վերջո անհետացավ, հայրս մտավ իր սենյակը, բաց արավ պահարանր, մի երկու գավաթ օղի խմեց, և մենք տեսանք, որ նրա աչքերից արցունքի կաթիլներ էին վազում լուռ ու սրտակեղեք։ Մայրս մոտեցավ նրան լացով, հայրս շրթունքներն իրար էր սեղմում և չէր նայում նրան, բայց ի վերջո չդիմացավ, սկսեց հեկեկալ։

— Մարանը նոր մեռավ, — ասաց հայրս և օղի ուզեց։

— Աստված չի կամեցավ, որ յավրուս քեֆ էնի, —շշնջաց մայրս։

Հայրս մի մթին հայհոյանք շպրտեց աստծո հասցեին, որից հետո մայրս դուրս եկավ սենյակից և խաչակնքեց։

  1. օր է, կանցնի, լաց մի՛ լինի