Մի ամիս հետո՝ Հակոբը, բոլորից գաղտնի, բաց արավ Մարանի «ննջարանը», որն ինքը կողպել ու գնացել էր և դուրս եկավ տխուր։
Թե Մարանի հիշատակը և թե՛ այն, որ քաղաքում շատ զբաղվելու բաներ չկային, բացի դրախտային պարտեզներից, Հակոբի ճակատին իջեցրին նորից մի թեթև մռայլ։
Սկզբի օրերին այս մռայլն այնքան էլ նշմարելի չեղավ, բայց հետզհետե դարձավ զգալի և մտահոգիչ ծնողների համար։
Մի օր, երբ ես նստած էի հորս կողքին, և նա խաղում էր իմ ոսկեգույն մազերի հետ, կանչեց մորս ու սկսեցին խոսել Հակոբի մասին։
— Պիտի կարգենք էդ տղան, — ասաց հայրս։
Մորս աչքերը փայլեցին։
— Եթե համոզես։
— Կհամոզվի, բեղերն արդեն մեծցեր են, Պոլիս֊մոլիս կերևա քիթ֊բերանը աղջիկներու քսեր է, խելքը տեղ է էրեր։
Մորս դուր չեկավ, որ հայրս մատնանշեց այդ։
— Ի՞նչ գիտես, — հարցրեց։
— Ես գիտեմ, դուն ինձի հարցուր, — կարճ կտրեց հայրս։
Մայրս խոստացավ, որ ինքը այդ բանը հայտնի Հակոբին։
— Սանկ շնորհքով ձևով ըսե, — պատվիրեց հայրս։
Եվ որոշեցին, որ աղջիկը պետք է լիներ սիրուն։ Հայրս ինքն առաջարկեց․
— Ւնչ ընտանիքի կուզե թող ըլլի՝ աղվոր ըլլի, — ասաց։
Մայրս ապշեց։ Հայրս ինչքան խորր պետք է Հակոբին սիրեր, որ զիջեր իր արիստոկրատիզմից։
Մայրս ավելացրեց․
— Աղվոր ըլլի ու կաթն ըլ մաքուր ըլլի։
— Դահա աղեկ։
Հակոբը համաձայնել էր, երևի ճիշտ էր հորս կարծիքը, թե «քիթը֊բերանն աղջիկներու քսած կըլլի»։ Սկսվեց աղջիկ որոնելու պրոցեսը։ Պարզվեց, որ հայրս չէր զիջի ամենափոքրիկ, ամենաաննշան պակասության անգամ։ Մայրս ի վերջո մատնանշեց մի աղջիկ, որ իսկապես սիրուն էր, բայց հայրս առարկեց․
— Գլուխն աղեկ չի բռներ, քիչ մը կկախե։