Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 53.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրանց ամեն մեկի ժպիտը ծաղկում է իմ ալքերի առաջ։ Նրանք գարուններ էին. որոնք վազում էին գարունների մեջ, նրանք ծաղիկներ էին, որոնք թավալվում էին ծաղիկների գրկում։

Նրանցից մեկը Քրիստինեն էր, դժգու՜յն, ինչպես սառած մաքուր մեղրը, բայց նրան հանդիպելիս՝ շիկնում էր, այնքան շիկնում, որ ահա, կարծես, պետք է վառվի ։ Փոքրիկ էր, լիքը, կլոր, սպիտակ ձեռներով, բայց էլի լիքը և փոսիկներով։

Մոտենում եմ, որ բռնեմ մազերից, փախչում է մեղմ ծիծաղելով։ Նրա ծիծաղր մեծ սիմֆոնիայի մի բեկորն էր կարծես։

Վազում է Քրիստինեն պարտեզի կածաններով, ինչպես եղնիկն անտառում, բարձրանում տան վերևի հարկը, բաց անում լուսամուտը, նայում ներքև ու ծիծաղում։

Քրիստինեն մի աստղ էր՝ վար ընկած երկնքից և խոշորացած։

— Վա՛ր եկուր։

― Չեմ գար, մազս կքաշես։

— Եկու՛ր, չեմ քաշեր։

Իջնում է նա պարտեզը։ Ես հեռանում եմ դեպի պարտեզի թավուտները։ Նա հետևում է ինձ։ Կանգ եմ առնում այնտեղ, ուր ոչ ոք չի կարող նշմարել մեզ, մինչև անգամ երկնքից դիտողը։

Քրիստինեն կանգ է առնում թավուտի մուգ կանաչում։ Կարծես մի անծանոթ ձեռք թավուտների մեջ մի կանթեղ վառեց և անհետացավ։

Մոտենում եմ։

Գլուխը կախում է։

Սիրտս պոկվում է, փախչում է վանդակից դուրս։ Բռնում եմ նրա մազերից։

— Քաշի՞մ։

— Քաշե՛, — շշնջում է Քրիստինեն։

— Ես քու մազերդ չեմ քաշեր, — ասում եմ և մոտեցնում եմ շրթունքներիս։

Այդ մազերի բուրումը պարտեզի բոլոր ծաղիկների բաժակներից էր հավաքել։

Երբ բռնում եմ նրա ձեռքը, աչքերը բոցավառվում են։

Էլի փախչում է։