Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 55.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեզ համար ամենահեռավոր վայրը Բաղդադն էր։ Բաղդադից դենը մեզ համար ուրիշ երկրներ չկային։

Մեր աշխարհից միայն մեկը գնացել էր Բաղդադ և երբ վերադարձավ՝ քաղաքի կեսը նրան դիմավորելու գնաց։

— Ի՞նչ կըսես, ծո՜, հերիֆը մինչև՜ Բաղդադ գնաց ու եկավ։

Առաջին անգամ, երբ սկսեցի Հունաստանի և Հռովմի պատմությունը սովորել՝ հելլենների դեպի Արևելք արած արշավանքները, պարսից պատերազմները, Կյուրոսը, Ալեքսանդրը, Հուլիոս Կեսարը, հռովմեական կայսրության շինած ճանապարհները, ավելի և ավելի սիրով և հպարտությամբ կապվեցի մեր փողոցին։ Կարծես զգում էի, որ պարսկական, հունական, հռովմեական զորքերն անցնում են մեր դռան առաջից։

Մի օր, երբ միջնակարգում, չեմ հիշում որ արշավանքի պատմությունն էի պատմում, հաջողեցի այդ արշավանքի ուղեգիծը բերել և անցկացնել մեր փողոցից, իմ գավառացի ուսուցիչը ժպտաց քթի տակ և չցանկացավ իմ պատմական սխալն ուղղել։


***

Մեր փողոցը միաժամանակ այն ճանապարհն է, որ միացնում էր մեր քաղաքը ուրիշ քաղաքների և գյուղերի հետ։

Տարվա բոլոր եղանակներում՝ առավոտյան, հին քաղաքից և գյուղերից մեր փողոցով էին անցնում մեր քաղաքի շուկայում խանութ ունեցողները, արհեստավորները, մշակները և երեկոյան միևնույն մարդիկ վերադառնում էին հին քաղաքն ու զանազան գյուղերը։

Այս մարդկանց մեջ կար մեկը, որ մեր քաղաքի բարձրագույն դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչն էր։

Այս ուսուցիչը երկու բանով տարբերվում էր ուրիշներից՝ օսլայած սպիտակ օձիք ուներ և նստում էր սպիտակ իշու վրա։

Էշն ավելի նշանավոր էր, քան ինքը։ Նա սովորություն ուներ, միայն առավոտները, մեր դռնից մի քիչ վերև աղիողորմ