Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 56.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զռալ, որից մեր փողոցի բոլոր բնակիչները զարթնում էին և խաչակնքում։

Ով որ տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում՝ 7-ից քառորդ անց։

Իսկ նրանք, որոնք ժամացույց չունեին և էշի զռալն ավելորդ էին համարում, զայրանում էին և սկսում մրթմրթալ․

― Ինչո՞ւ չէ, ազգի փարայով էշ կհեծնա։

Մի օր մեր տանը, Նիկողոս աղայի նախագահությամբ, ժողով գումարվեց, որին մասնակցում էր նաև մաթեմատիկայի ուսուցիչը։

Երբ մաթեմատիկոսը ներս մտավ, ծառան նրա էշը տարավ պարտեզ և կապեց մի ծառի։

Ժողովի ամբողջ ընթացքում ես կանգնած էի սենյակի շեմքի մոտ և միայն սպասում էի, որ հոգաբարձության անդամներից մեկը սիկարեթը փաթաթի և ես պատրաստ լինեմ լուցկին տնկելու նրա քթին։

Ժողովի ընթացքում բուռն վեճ բացվեց մաթեմատիկոսի ռոճիկի հավելման շուրջը։ Մաթեմատիկոսը պնդում էր, որ ռոճիկի վրա անպայման հավելում պետք է լինի, իսկ հոգաբարձությունը միահամուռ դեմ էր։

Մաթեմատիկոսը գյուղում էր ապրում և մերժում էր քաղաքում բնակվել, բայց գյուղում բնակվելով և ամեն օր քաղաք գալով՝ անձնական ծախսերն ավելանում էին։

Վերջապես, հոգաբարձության անդամներից մեկը, որի բեղերն ականջներից անցնում էին և խառնվում գլխի ետևի մազերի հետ, խռպոտ ձայնով ասաց․

— Պարոն վարժապետ, էշը հերիք չէ՞։

Մաթեմատիկոսը չպատասխանած, էշը պարտեզից սկսեց այնպես զռալ, որ տան պարտեզի կողմի լուսամուտների ապակիները շխկշխկացին։

Մաթեմատիկոսը դարձավ երկար բեղերով հոգաբարձուին․

— Հը՞, ստացա՞ր պատասխանը, — ասաց։

Երկար բեղերով հոգաբարձուն շփոթվեց և անմիջապես վրա տվեց․

— Եթե թվաբանության մեջ ալ էշին օգնության կդիմես, խոսք չունինք։