Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 58.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լողացնում էր նրան՝ երիտասարդ հերոսուհուն, տեսակ֊տեսակ հոտավետ յուղեր էր քսում, հոտավետ ջրեր ցանում, տանում դուրս, առանձին սենյակում չորացնում, հագցնում։

Փողոցում Մարիցան քայլում էր դանդաղ, կապույտ զոնտիկով, սպասուհին ետևից, գլխի վրա աղավնու բացված թևերի նման մի սանր, կոնքերը արվեստականորեն գցում էր աջ և մեկ ձախ, աչքի պոչով նայում տղամարդկանց, թեթև ժպտում և շարունակում ճանապարհը։

Եկեղեցի երբեք չէր մտել, չէին թույլ տա, որ մտնի, միայն երբեմն քաղաքի երիտասարդ առաջնորդը կանչում էր նրան իր մոտ, որպեսզի «աստծո խոսքը հաղորդի» նրան։


***

Մի օր փողոցի վերևից մի աղմուկ լսվեց, անորոշ աղմուկ, բայց համառորեն մոտենում էր ու մեծանում։ Բոլորը դուրս թափվեցին, կանայք լցվեցին լուսամուտները, երեխաներր թռան կտուրները։

Վերևից գալիս էր, ավելի ճիշտ՝ խուժում էր երեխաների մի ստվար բազմություն։

Այդ բազմությունը հալածում էր մի մարդու՝ հոգաբարձության նախագահ Նիկողոս աղային։

Երեխաներն աղաղակում էին․

— Մարիցայի մոտ էր գացե՜ր․․․

— Էհե՜յ, էհե՜յ, Մարիցայի տունեն դուրս ելավ․․․

Նիկողոս աղան գետնից քար էր վերցնում, նետում բազմության։ Երեխաները ցրվում էին, ինչպես թռչունների մի երամ, բայց էլի հավաքվում և ճչում ավելի բարձր*․

— Հոգաբարձության նախագահը Մարիցայի մո՜տ․․․

Երեխաների բազմության խառնվեցին և հասակավորներ։

Նիկողոս աղան պատասխանում էր․

— Սու՛տ են, սու՛տ են։

Եվ ահաբեկ, ամոթածեծ նա վազում էր, սարսափով լցված և խուզարկու աչքերով հառում էր դռներին։

Նա որոնում էր մի որևիցե բաց դուռ, որպեսզի ներս մտնի և ազատվի ամոթի անգութ ճանկերից։