Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 60.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բայց արևը հաղթանակում է ծաղկավառ, կանաչափառ դաշտում։

Երբ առավոտյան գյուղական սայլերը մտնում են քաղաքը, անցնում են մեր փողոցով, եզների կոտոշներր զարդարված են նոր ծաղկած նշենիների սպիտակ մեծ ճյուղերով․ իրենց ծաղկած վիճակում ինչքա՜ն նման են ձյունի տակ մնացած ճյուղերին։

Սայլապանների գդակների չորս բոլորքը շարված են անպայման խնձորենու վարդագույն ծաղիկներ, որպեսզի գույնով տարբերվեն նշենու սպիտակ ծաղիկից։

Սայլերի ճռճռոցը սկսվում էր շատ կանուխ, գարնանային մթնշաղի այն կախարդական ժամերին, երբ քունն այնքան էր քաղցրանում, որ դառնում էր անդիմադրելի։

Սայլերի ճռճռոցը օրորում էր մեզ, մենք վարժ էինք այդ երաժշտության, նրանք հեռվից գրկում էին մեզ, խորացնում մեզ մեր արշալույսի թեթև, խուսափուկ և երերուն երազում։

Սայլերի ճռճռոցը տևում էր շատ երկար։

Զարթնում էինք, սկսվում էր աշխատանքի օրը և շարունակվում եռանդուն կերպով մինչև կեսօր։

Դանդաղ, միօրինակ այդ ճռճռոցը կարելի էր նմանեցնել ամեն մի նվագի, ուրախ կամ տխուր, նայած ունկնդրի ներքին տրամադրություններին։ Երբ տանն ինձ կշտամբում էին, այնպես կշտամբում, որ սիրտս փլչում էր, ուզում էի լաց լինել, այդ ճռճռոցը թվում էր, որ ինձ հետ ողբում է լալագին, սայլերի ամեն մի անիվն արձագանքում էր իմ հոգու թախիծին։

Սայլերի ճռճռոցի հետ լսվում էին նաև դարբինների մուրճերի հարվածները՝ երբեմն արագ֊արագ, երբեմն ընդհատ֊ընդհատ։

Մեր փողոցում շատ էին դարբինները։ Սիրում էի ես կանգնել նրանց կրպակների առաջ և դիտել նրանց օջախի կրակը, որ գնալով կատաղում էր փքսի քամուց, ես կարծում էի, որ կրակը կատաղում է, որովհետև ջղայնացնում են նրան։

Դարբինը երբ դուրս էր բերում կարմրած երկաթը, այն ժամանակ իմ ոգևորությունը հասնում էր իր գագաթնակետին։ Դարբինը, մրոտած դեմքով, կոշտացած, սևացած և այրված ձեռքերով առնում էր ծանր մուրճը և ընկնում շիկացած երկաթի վրա՝ համառությունը կոտրելու համար։