Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 62.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 Նրանց մեջ մեկը չկար, որի վրա իմ կնիքը չլիներ։ Նախ և առաջ բոլորի պոչերը կտրել էի, երբ նրանք տակավին կախ էին ընկնում իրենց մոր ծծերից։ Կտրում էի նրանց պոչերը, այդպես նրանք ավելի գողտրիկ և գրավիչ էին դառնում իմ աչքին։ Չէի սիրում պոչերը, ուզում էի, որ նրանք անպոչ դառնան, նախքան էվոլյուցիայի օրենքի լրումը։

Նրանք սիրում էին ինձ, և այդ սերը նման չէր մարդկային սիրո։

Անվերապահ էր, անաչառ անհիշաչար, անվարձ, առանց որևէ ակնկալության։ նրանք չէին հիշում մի րոպե առաջ արած իմ մարդկային չարությունը։

Զարնում էի, ցավից վնգստում էին միայն մի ակնթարթ, ապա նորից գալիս, քսվում էին, լիզում էին իմ ոտները, այն ոտները, որ խփել էին նրանց։

Այդպես է իսկական սերը՝ շնային։

Ես անցնում էի հռովմեական հինավուրց ճանապարհից՝ շներով շրջապատված։ Նրանք հավաքվում էին իմ շուրջը, մի քանիսն ինձանից առաջ (նրանց ես չէի ընտրել, ընտրված էին իրենցից) մի քանիսը քայլում էին ինձ հավասար, իսկ ջախջախիչ մեծամասնությունը՝ իմ ետևից։

Ես գիտեի նրանց բոլորի անունը (առանց ազգանունի, ինչպես մեծ մարդիկ՝ Նապոլեոն, Ալեքսանդր), գիտեի նրանց ծննդական թվականները, մինչև անգամ նրանց սերնդաբանոթյունը, ճանաչում էի ամեն մեկի հորը, պապին, ապուպապին, բայց իրենք, իբրև շներ, մոռանում էին իրենց ծնողներին, եղբայրներին, մոռանում էին մանավանդ քույրերին, որովհետև կռվում էրն իրար հետ, կծում էին իրար, հոշոտում և հուսկ ապա սիրաբանում ու սերնդագործում։

Ալոն մոռացավ իր քրոջը, նրանից լակոտներ ունեցավ, լակոտներն իրենց հերթին մոռացան իրար և շարունակեցին սերունդը։ Նրանք իմանում էին, թե երբ եմ դուրս գալու դպրոցից, շարվում էին դռան առաջ, ճանապարհ էին գցում ինձ մինչև տունը։

Ներս եմ մտնում, ցրվում են։

Դուրս եմ գալիս՝ շարվել են ուրախ աչքերով, բարեկամական ամեն տեսակ ժպիտներով։

Հիշում եմ նրանց և հասկանում եմ իսկական սերը։