Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 67.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Նրանք դեռևս ուզում էին իրար վրա նետվել և պատառոտել իրար, բայց եղբորս հզոր բազուկները նրանց պահում են իրարից անվտանգ հեռավորության վրա։

Հազիվ մենք կարողացանք ճանաչել ողբացող մոր երկու պատանի զավակներին՝ Վահրամին և Հրաչին։

Վահրամն ու Հրաչը երկու եղբայրներ էին, Վահրամը՝ 19 տարեկան, Հրաչը՝ 17։ Հրաչի ծնված օրը ծնվել էր նաև Վերոնիկան, հարևանի աղջիկը։ Հրաչի ու Վերոնիկայի ծնողները նշանել էին նրանց օրորոցից։

Մեծացել էին և նախքան Հրաչի՝ կնոջ գոյություն ունալն զգալը, Վահրամը սիրահարվել էր Վերոնիկային։

Վահրամն ու Վերոնիկան դավաճանել էին օրորոցի օրինականության դեմ։

Հրաչն իմացել էր այդ սերը, բայց ոչինչ չէր զգացել, երբ դեռ վեգի հետ էր խաղում և ինձ նման շներին էր հրամայում․ նա մեծացավ, հասակ առավ, սկսեց զգալ էգի կրակը։

Նրա փոքրիկ սրտում թպրտաց կինը։ Վերոնիկան օրորոցից իրեն էր պատկանել, ծնողները և զուգադիպությունն այդպես էին կամեցել։

Թե՛ ծնողները և թե՛ ազգականները մոռացել էին օրորոցի հինավուրց պատմությունը, բայց Հրաչն ուզեց ձեռք բերել օրորոցի իրավունքը։

Վահրամը Հրաչի աչքին նախ մի փոքրիկ քար թվաց, այդ քարը հետզհետե մեծացավ ինչպես սև, մթին մի ապառաժ։

Հրաչը սիրում էր եղբորը, եղբայրը նրա օրորոցն էր օրորել, տարել էր պարտեզները ման էր ածել, պատանեկության իր պատասխանատվությամբ, նրան այգիներ էր տարել, դասն էր սովորեցրել, փողոցի թշնամի տղաներից պաշտպանել, ինչ որ տնից թռցրել էր՝ նրան էր տվել, նրա համար թռուցիկ էր շինել, լողալ էր սովորեցրել, բայց Վերոնիկայի մազի մի թելը մոռացրեց այդ բոլորը, և հանկարծ մի օր Հրաչը դադարեց Վահրամի հետ խոսելուց։

Վահրամը, սկզբում ոչինչ չհասկանալով, մինչև անգամ կարևորություն չընծայեց, բայց հետզհետե նշմարեց, որ Հրաչը կորցնում է իր եղբայրական աչքերը, նրա ամեն մի հանդիպումը դառնում է մութի մեջ թշնամական հանդիպում։

— Հրաչի՛կ, աղվո՛րս, ի՞նչ կուզես, գառնու՛կս, — մի օր հարցրեց Վահրամը։