Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 68.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Հրաչը հառեց նրա բիբերի խորքը, ուզում էր աչքերի խորքից դուրս քաշել եղբոր սիրտը․ Վահրամը խորր զգաց խանդը Հրաչի հոգում, կախեց գլուխը և հեռացավ։

Այդ օրից երկու եղբայրները խուսափում էին իրար հանդիպելուց, բայց չխուսափեցին խարույկը հրահրելուց։

Խարույկը վառվում էր, վառվում էր ինչպես հարավի արեգակը։

Վերոնիկայի այտերը կարմրում էին և պատրաստ էին որևէ փոքրիկ սղմումից կաթիլ֊կաթիլ արյուն կաթեցնել, հարստանում էին նրա մազերը, ինչպես քամուց քշվաշ մի փոքրիկ ջրվեժ, աչքերը նմանում էին անապատի հեռավորության մեջ թաղված մի հատիկ գյուղի երկու ճրագներին, կուրծքը բարձրանում էր, ծիծաղում էր բարձր, թեթև և անհարկի։

— Այո, այո, ես կընեմ, ես կուգամ, ես կերթամ, ալ չեմ գար, եթե այդպես ուզես,— և ծիծաղում էր, երբեմն լաց լինում խաբելով դիմացինին՝ լա՞ց թե ծիծաղ, բայց միշտ պատրաստակամ, միշտ շարժուն, միշտ կենդանի աչքերով՝ ինչպես բռնված փոքրիկ թռչունն անգութ ձեռքերում։

Այդ օրը Վահրամն ու Վերոնիկան գաղտագողի իջան իրենց տան ներքնահարկը։ Նստեցին կոտրած և դարսված փայտի դեզերի վրա, գրկեցին իրար, մոտեցան նրանց շրթունքները և վառվեցին։

Նրանց թևերը գրկեցին իրար, ինչպես երկու հակառակ կողմերից եկող ջրի հոսանքներ։

Ներքնահարկի դուռը ճռճռաց, կրնկի վրա բացվեց, և ներս ընկավ հանգիստ քայլերով ու դահանակե աչքերով մի պատանի, կանգ առավ երկու երեք քայլ անելուց հետո, փայլեցին նրա աչքերը, ինչպես աչքերը գազանացած կատվի։

Վահրամը ճան աչեց ահավոր թշնամուն իր փոքրիկ եղբոր մեջ, նրան, որի օրորոցն էր օրորել և ուսերի վրա ման էր ածել։

Նրանց աչքերը հանդիպեցին իրար։ Երկար լռություն։ Ատամները սեղմվեցին։ Անծանոթ մի սարսափ անցավ յուրաքանչյուրից մյուսին և հանկարծ հարձակվեցին իրար վրա։

Մի քանի անգամ նրանք պառկեցին գետին, ցատկեցին վեր և երկուսը միասին հարձակվեցին իրենց սիրած աղջկա