Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 74.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թախիծը, որ սև ամպի նման կանգնած էր այդ փառավոր երեկոյի մեջ։ Մոտեցավ մայրս, գրկեց գլուխս և հարցրեց․

— Ի՞նչ ունիս, յավրու՛ս։

Ես աչքս հառեցի երկնքին և թափառող «լուսիններին»։

Երկար չկարողացա պահել իմ հայացքը։ Աչքերս պղտորվեցին արցունքներից։

— Ես հայրիկիդ կըսեմ, թող հրաման տա, որ թռցնես, ամա թելը լողին չպիտի կապես,— ասաց մայրս։

— Չեմ կապեր, — հեկեկացի։

Առավոտյան սկսեցի կառուցել նոր թռուցիկ, ավելի մեծ, քան երբևիցե կառուցել էի։


***

Մեր երիտասարդ ուսուցիչներից մեկը, որի հետ մենք՝ մանուկներս, գրեթե ընկերներ էինք, մի օր հայտարարեց․

— Տղա՛ք, ձեզի տանիմ մեր գյուղը։

Մենք լսել էինք, որ նրանց գյուղը Մաստառի ստորոտումն է, դարավոր ծառեր կան այնտեղ, ծառեր, որոնց բներում մի ողջ գյուղական ընտանիք կարող էր տեղավորվել և ապրել։ Լսել էինք նաև, որ նրանց գյուղի եկեղեցու տակից ջուր է գալիս այնքան առատ, որ կարող էր երկու սայլ, իր եզներով, քշել տանել։ Նրանց գյուղի առաջով անցնում էր Արածանին, կապույտ և վետվետող ժապավենի նման։

Հետիոտն ճանապարհ ընկանք երեկոյան, ցերեկվա արևից խուսափելու համար։ Գնում էինք կտրուկ ճանապարհներով, երբեմն քայլելով արտերի վրայով։ Մեր ոտների տակ՝ ոսկյա արտերը, իսկ վերևում՝ կապույտ գմբեթը աստղերով։ Կատակում ենք, հռհռում, կռանում ենք, ջուր խմում վազող առուներից, վճիտ և երգեցիկ առուներ, որոնց եզերքների խոտը թարմագեղ կանաչ է՝ ինչպես ճիչը մանուշակագույն գիշերում։

Մտանք ցորենի անսահման մի դաշտ։

Երկինքը գնալով ցածրանում էր, աստղերը թափվում են մեր աչքերի մեջ։ Ջինջ լռությունը խանգարում էինք միայն մենք և ընկնող ասուպները։

— Կուզեք մնանք էստեղ, մինչև լուսաստղը երևա,— հայտարարեց ուսուցիչը։