Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 76.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էին աղջիկ ունեցող մայրերը, Ալեք աղայի դեմքը դաժան էր, գիշերը երեխաները նրանից սարսափում էին, մինչև անգամ շատ մոտիկ մարդիկ վախենում էին նրա տեսքից։ Եվ այդ բոլորը նրա միրուքի, սև, երկար միրուքի պատճառով։ Այդ միրուքը նրան դարձնում էր ահեղ։ Այդ միրուքի համար էլ Ալեք աղան չկարողացավ գտնեյ մի աղջիկ այս աշխարհում հոգու և մարմնի մխիթարության համար։

Ալեք աղայի չամուսնանալն իր համար ողբերգություն չէր, որովհետև, ըստ երևույթին, նա արդեն հասել էր մխիթարիչ փիլիսոփայության, բայց ոչ մեկ փիլիսոփայություն չէր կարող փրկել նրա քրոջը՝ Իսկուհուն, որ Ալեք աղայից հինգ տարով փոքր էր։

Մինչև մեծ եղբայրը չամուսնանար, փոքր քույրն իրավունք չուներ ամուսնանալու։ Այդպես էր այդ աշխարհի օրենքը։

— Ինչպե՞ս քուրը մարդու ծոցը մտնա, երբ աղբարը կնկա ծոց չի մտեր, — պատճառաբանում էին այդ աշխարհի մարդիկ։

Մեծ եղբոր գործած հանցանքը միայն կարող էր արդարացնել փոքր քրոջ գործելիք հանցանքը։

Քառասուն տարեկան Իսկուհուն այլևս ոչ մի ւիիլիսոփայություն չփրկեց, հակառակ նրան, որ թե՛ Ալեք աղան և թե՛ մոտիկ ազգականները համաձայնեցին, որ առանց մեծ եղբոր ամուսնանալուն փոքր քույրը կարող էր ամուսնանալ։

Էլ ո՜վ գրոշ կտար Իսկուհուն։

Իսկուհին մնաց տանը։

Նրա մեջ աճեց մի անլուր կատաղություն, պառավ կույսի կատաղություն։

Աղմուկ, ճչոց, ամանների կոտրատում, շռա՜խկ, շռու՜խկ։

Այս աղմուկի մեջ երբեմն լսում էինք Ալեք աղայի մեղմագին ձայնը՝ «Յավա՜շ, յավա՜շ, ամոթ է»։

Բայց Իսկուհու համար այլևս ոչ մի ամոթ։ Ծնվել էր, ապրել, մեծացել, և ոչ ոք նրան չէր գրկել ու կրծքին չէր սեղմել, էլ ի՞նչ ամոթ։

Շռա՜խկ… Իսկուհին ճաշի ամանը, ճաշով միասին, տվեր էր Ալեք աղայի գլխին, միրուքը ողողել էր յուղաջրով։