Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 83.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նշան աղան հասավ տունը, բայց չմտավ ներս, առաջ անցավ, որպեսզի բազմությունը չխռնվի դռան առաջ։ Բազմությունը հետևեց նրան՝ շարունակելով անգութ ծանակը։

Նա մտավ մի նեղ փողոց, դուրս եկավ մյուս լայն փողոցը՝ բազմությունը ետևից։

Աղաղակները շատացան, որովհետև բազմությունը շատացավ։

Տեսնելով, որ ելք ձկա, Նշան աղան նորից դարձավ դեպի մեր փողոցը և մտավ իր տունը։

Բազմությունը խռնվեց դռան առաջ։ Բերնեբերան դեպքը մեծացավ, մի կինը եղավ երկու։

Մի ամբողջ ժամ հռհռացին, աղաղակեցին և ցրվեցին։ Նշան աղան մի քանի օրից հետո հազիվ դուրս եկավ։

Ասում էին, որ ծանոթներից մեկին ասել էր․ «Հիսուն գիրեմ մսի համար քաղաքի մեջ խայտառակ եղա»։


ԺԱ

Անցնում էին մեր դռան առաջից ուղտերի քարավանները, որոնք գալիս էին Միջագետքից, գնում էին մինչև Սբաստիա, Փոքր Ասիայի զանազան վաճառաշահ քաղաքներ և աշունքին, երբ մեր պարտեզներն արգասավորության լրումն էին առնում, վերադառնում էին դեպի անծայրածիր անապատները, դեպի բաբելոնական և արաբական հարուստ, ադամանդով, լուսաստղերի պես պայծառ քարերով լիքը քաղաքները։

Ուղտերը բերում էին մեզ հարավի քաղցր արմավը։ Երբ քարավանները գալիս էին, մեր շուկան վերակենդանանում էր, ամբողջ քաղաքը դառնում էր նրանց բոժոժների երգը, քաղաքը լցվում էր ուղտերի խաղաղ, իմաստուն նայվածքներով և նրանց երկա՜ր, հոգնա՜ծ, աղերսական ձայնով։

Ուղտի նայվածքը խաղաղ է, ինչպես անապատի երկինքը։ Այդ նայվածքի հիշողությունը համառում էր մնալ մեր տեսողության մեջ նրանց հեռանալուց հետո էլ։

Քայլելիս՝ նրանք լուռ հառում էին իրենց հարավի անեզրությանը սովոր աչքերը մեր փողոցի պատերին, կարծես որոնելով անհուն և խաղաղ հորիզոնը, անտարբեր մանուկների