Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 92.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չարաճճի ընկերները հեռացել են խարույկից և ուզում են խաղ խաղալ ողկույզների և տերևների տակ պահվող ջահելների հետ։

Ավելի են սեղմվում իրար, թևերն ավելի են պրկվում, և պահը դառնում է հավիտենական։

Երբ այգեկութը վերջանում էր, վերադառնում էին տուն, տան ծերունիները տեսնում էին, որ իրենց աղջիկը կամ տղան արտակարգ խանդավառության մեջ է, ջրով թացացնում է մազերը, սանրում, այնպես որ լույսի տակ սաթի նման փայլի։ Պարզ էր, որ բնությունը, աշնանային, բեղմնավորված, կուրծքը լիուլի լցված բնությունը հպվել է նրանց հոգուն, այրել է նրանց սրտի աղվամազը։

Եվ ահա տղայի ծնողները հանդիսավոր գալիս էին աղջկա ծնողների մոտ։

Տանը ոչ ոք, բացի աղջկանից, չէր իմանում սկզբում նրանց գալու նպատակը։ Աղջիկն իմանում էր, որովհետև տղան կտուրի վրա թուղթ դրած կլիներ թե՝ «Իրիկունը պապս, մարս տի գան քեզ ուզեն, քեզ հարցնեն նե՝ չամչնաս, ըսե՝ ես ըլ կուզեմ»։

«Եթե մըզի հարցնեք՝ մեր կամքովն է, ամա տեսնանք աղջիկը կուզե՞» —՛պատասխանում էին աղջկա ծնողները տղայի ծնողներին։

Եվ կես֊գիշերին աղջկա մայրը, անպայման մայրը, հարց էր տալիս աղջկան․

— Քա, Զարուկ, քեզ կուզեն, ի՞նչ կըսես։

Աղջիկը չի պատասխանում, կարմրում է, ապա ծիծաղելով փախչում։

Մայրը հայտնում է իր խորհրդակցության արդյունքն ամուսնուն՝ «էսպես, էսպես»․․․

— Է՛հ, տանք որ երթա, խելքը տեղ է ըրեր։

Մինչև առավոտ ամեն ինչ հայտնի է, բայց անմիջական պատասխան չեն տալիս, դա էժանություն է, երբեմն մինչև անգամ անցնում է մի ամիս, իբր թե աղջկան համոզում են, բայց երբ պատասխան էր տրվում, տղայի կողմից անմիջապես նշանը բերում էին, ցույց տալու համար, որ իրենց ընտրած աղջկա համար նրանք ցանկություն ունեն շուտ շարժվելու։

Եվ պատահում էր, որ ողկույզների տակ բոցավառվող սերը,